«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը տեղափոխվելու է Հանրապետության փողոց: Այս օրերին ՔՊ-ում վերանորոգման եւ տեղափոխման աշխատանքների հետ կապված եռուզեռ է:

Մեզ հետ զրույցում ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հաստատեց գրասենյակի տեղափոխման մասին տեղեկությունը՝ նշելով, որ դեռ վերանորոգման աշխատանքներ են գնում, ուստի հայտնի չէ, թե երբ կտեղափոխվեն: «Չգիտենք՝ որքան կտեւի վերանորոգումը, հնարավոր է՝ մեկ տարի տեւի»,-ասաց նա:


Ի դեպ, Հանրապետության փողոցի վրա է գտնվում նաեւ ՀՅԴ կենտրոնական գրասենյակը, որից մի փոքր այն կողմն էլ ՀՀԿ գրասենյակն է: Ստացվում է՝ ՔՊ-ն գալիս է իր սիրելի նախկիններին հարեւան:

Իսկ ի՞նչ ճանապարհով է իշխանական կուսակցությունը ձեռք բերել գրասենյակը.գնե՞լ են արդյոք, թե՞ էլի նվեր են ստացել, ինչպես նախորդ տարիներին, ինչի առիթով «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտում էր արել: Կոռուպցիան մերժող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի վերաբերյալ «ԹՄ աուդիտ» ՓԲԸ-ն եզրակացություն էր ներկայացրել, համաձայն որի՝ կուսակցությունը կատարել է 9 մլն 64 հազար դրամի կանխիկ դրամական վճարումներ։

Բացի այդ, ՔՊ-ն իրավաբանական անձանցից ստացել է 16 մլն 300 հազար դրամի աջակցություն, բայց պարզ չէ՝ ովքեր են խորհրդավոր նվիրատուները: Նաեւ երկու իրավաբանական անձանցից բնեղեն նվիրատվություններ է ստացել՝ տարածքի տեսքով, բայց էլի պարզ չէ, թե ովքեր են իշխող ՔՊ-ին նվերներ տվել:

Բացահայտվել է նաեւ, որ 525 նվիրատուների մասով որեւէ տեղեկություն առկա չէ: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը թաղվել են կոռուպցիայի մեջ, նաեւ կուսակցության վարչության ընտրություններն են կեղծել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում