Այսօր, զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ, Արշակունյաց պողոտայում եկան նաև Ազգային ժողովրդավարական բեւեռի (հայտնի են նաեւ որպես «Սասնա ծռեր») խորհրդի անդամներ Արա Պապյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վահե Գասպարյանը:
Զոհվածների հարազատները թույլ չտվեցին նրանց մտնել դատարանի բակ: Ոստիկանները կանգնել էին եւ թույլ չէին տալիս, որ կողմերն իրար մոտենան:
Կանանցից մեկը բղավեց. «Ստեղից սիկտիր, իմ երեխեն Արցախում է զոհվել, դու դրո՞շ ես վառում, այ տականք տեռորիստ»:
Վահե Գասպարյանը դիմելով ոստիկաններից մեկին, ասաց. «Ոստիկանությունը հայհոյանքը հանդուրժո՞ւմ է, եթե ոչ, գնա խափանիր: Պետք է իրեն ասես՝ հայհոյանքով մեզ հետ չխոսի»:
Ոստիկանն էլ հակադարձեց. «Ինձ ցուցում չտաս, ես իմ լիազորությունները գիտեմ»:
Ի վերջո, ոստիկանների ուղեկցությամբ ԱԺԲ-ի ներկայացուցիչները հեռացան:
Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ Շենգավիթի դատարանի առջև հավաքված զոհված զինծառայողների ծնողները փակել էին Արշակունյաց պողոտան։ Նրանք հայտարարել էին, որ առնվազն 1 ժամ փակ են պահելու պողոտան։ Ծնողները պահանջում են դատարանից ազատ արձակել զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանին:
Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատական նիստն ավարտվել է, դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15։00-ին։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։