Իրանի արտաքին գործերի մամուլի քարտուղար Նասեր Քանաանին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջերս արած հակառուսական արտահայտություններն անվանել է «անօգուտ քաղաքական շոու, որն անհիմն պնդումներ է պարունակում», տեղեկացրել է Mehr-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հայտարարել է, որ դեմ է Ուկրաինայում պատերազմին եւ դրա շարունակմանը, ափսոսում է Ուկրաինայի ժողովրդի տառապանքների համար եւ ընդգծում է քաղաքական լուծման որոնման անհրաժեշտությունը դրա շուտափույթ դադարեցման համար՝ պատրաստ լինելով օգնություն ցուցաբերել դրա իրականացմանը»,- ընդգծել է Քանաանին։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է նաեւ, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Ուկրաինայի նախագահի կեղծ պնդումների կրկնությունը հակառուսական քարոզչության եւ մեդիա-պատերազմի շրջանակում է։ Նա կարծում է, որ դա «քաղաքական շոու» է եւ իրականացվում է արեւմտյան երկրներից որքան հնարավոր է շատ զենք եւ ֆինանսական օգնություն կորզելու նպատակով։
Քանաանին նշել է, որ Իրանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ։
«Ուկրաինական կողմի խուսափելը իրանական կողմի հետ բանակցություններից հաստատում է, որ նրանց հավակնություններն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ անհիմն են»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ուկրաինայի նախագահն ավելի վաղ Իրանին կոչ էր արել «վերանայել Ռուսաստան անօդաչուների մատակարարման հարցը եւ չաջակցել Մոսկվային Ուկրաինայի դեմ պատերազմում»։