Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար շատ նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հարցին, թե ինչու է միայն երկաթուղային ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ հարց բարձրացվում, և ոչ ավտոճանապարհների, Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ երկաթուղին ենթակառուցվածքային շատ ավելի ակնհայտ արդյունավետ լուծում կարող է լինել տարածաշրջանի համար:


«Մենք ուզում ենք լուծումներ, որոնք կամրապնդեն և կավելացնեն Հայաստանի դերը տարածաշրջանում՝ որպես լոգիստիկ հանգույց։ Երկաթուղային տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքներին, պարզ է դառնում, որ առանձին հատվածների վերականգնմամբ տարածաշրջանային մակարդակով մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում։ Վերականգնումը շատ նախնական հաշվարկներով կարող է մոտ 2-3 տարի տևել»,- նշեց փոխվարչապետը։

ՀՀ փոխվարչապետը հավելեց, որ այս շաբաթ հնարավոր է կայանա եռակողմ խմբի հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ, որին այս պահի դրությամբ ինքն անձամբ պլանավորում է մասնակցել: Նիստում քննարկվելու են միայն ապաշրջափակման հարցերը։