Շատ ողջունելի է ավելացված արժեքի հարկի վերադարձի գործընթացը, դա մեծ առաջընթաց է տնտեսավարողների հետ փոխհարաբերություններում, քանի որ էապես խթանում է տնտեսավարողների մոտ շրջանառու միջոցների ավելացումը, սակայն ձևավորվել է խարդախների մի խումբ, որը զբաղված է ավելացված արժեքի հարկի վերադարձի խարդախությամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
«Գործընթացներն իրականացվում են՝ խախտելով ընթացակագրեր: Դրանով էական վնաս է հասցվում ՀՀ պետբյուջեին»,-ասաց պատգամավորը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց Արսենյանի հետ, որ այդ խնդիրը կա, ապա նշեց. «Ձեր նշած դեպքերի նման դեպքերով ունենք քրեական գործեր, ունենք նույնիսկ կալանավորված անձինք, ունենք նաև արդեն մեծ չափերի վերականգնում պետական բյուջե, ունենք նաև այդ շղթաների բացահայտում և դրանց աշխատանքի խափանում, նաև օրենսդրական որոշակի փոփոխություններ անելու նախաձեռնություն, որ այդ շղթաները չկարողանան օրինականության պատրանքի ներքո գործել»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ հաճախ կառավարության աջակցող ծրագրերից օգտվելու համար խարդախությունների են դիմում, կեղծ թղթեր են ձեռք բերում՝ օրինակ հետվճար ստանալու համար: «Ստանալը ստանում են, բայց երկար չեն գնա դրանով, դրա վերջը քրեակատարողական հիմնարկն է»,-նշեց վարչապետը:
Փաշինյանը հայտնեց՝ նկատում են նաև պետական մարմինների կողմից աշխատանքի թերացումներ՝ որոշ դեպքերում դիտավորյալ, որոշ դեպքերում՝ անփութությամբ, հետևությունները պետք է անպայման արվեն: