ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 20-ին, հրավիրվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու:
Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին:
Քննիչ հանձնաժողովում մինչև այժմ պատերազմի օրերի մի քանի բարձրաստիճաններ զինվորականներ են խոսել, բայց բոլորը փակ նիստում։
Նշենք, որ դեռ ապրիլին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ընդդիմության իրեն հարցաքննել քննիչ հանձնաժողովում: «Խնդրում եմ, եկեք ինձ հարցաքննեք, եկեք հարցաքննեք քննիչ հանձնաժողովում»,-ասել էր նա: Վարչապետը խոստացել է նաեւ քննիչ հանձնաժողովում խոսել պատերազմը 2020-ի հոկտեմբերի 19-ին չկանգնեցնելու պատճառների մասին։
Հիշեցնենք, որ խորհրդարանական այս քննիչ հանձանժողովը պատերազմից մեկուկես տարի անց է ստեղծվել։ Քննությունն իրականացնում են միայն իշխանական պատգամավորները։ Ընդդիմությունը բոյկոտել է բոլոր նիստերը: Այսօր եւս ընդդիմությունը կբոյկոտի հանձնաժողովի նիստը, քանի որ դա համարում է «շոու», որի նպատակը «Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելն է»։