Բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկովին Մոսկվայի «Լեֆորտովո» քննչական մեկուսարանում, ինչպես նաեւ այլ մեկուսարաններում չեն պահում։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է Հանրային դիտորդական հանձնաժողովի (ՀԴՀ) պատասխանատու քարտուղար Ալեքսեյ Մելնիկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ինձ վերջին օրերին շատ հաճախ զանգահարում են ռուսական եւ օտարերկրյա ԶԼՄ-ների մեծ թվով ներկայացուցիչներ։ Հարցնում են. «Ճի՞շտ է, որ Սուրովիկովը քննչական մեկուսարանում է»։ Պատասխանում եմ. ոչ «Լեֆորտովոյում, ոչ այլ քննչական մեկուսարաններում նա չկա»,- նշել է հանձնաժողովի ներկայացուցիչը։
Սուրովիկովին ձերբակալելու տեղեկությունը հայտնվել է չորեքշաբթի տարբեր աղբյուրներում։ Դրանցում հավաստիացվում էր, որ գեներալը «Լեֆորտովո» մեկուսարանում է։ Ավելի ուշ, հղում կատարելով իր աղբյուրներին, ձերբակալության մասին տեղեկացրել էր Financial Times բրիտանական պարբերականը։
Սուրովիկովը ռուսական Օդատիեզերական ուժերի հրամանատարն է, հատուկ ռազմական գոտում ռուսական զորքերի միավորված խմբավորման հրամանատարի տեղակալը։