Ուկրաինան ստացել է հետեւակի Stridsfordon 90 (կրճատ՝ CV-90 կամ Strf 90) շվեդական մարտական մեքենաներ։ Այս մասին հուլիսի 7-ին տեղեկացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Թվիթերի իր միկրոբլոգում, փոխանցել է Focus.ua-ն։
«Strf 90 մեքենաներն Ուկրաինայում են եւ պատրաստ են մարտի։ Թոփ-մեքենաները լավագույն մարտիկների համար են»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։
Ալեքսեյ Ռեզնիկովը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յունսոնին եւ ողջ շվեդ ժողովրդին փոխանցված ռազմական տեխնիկայի համար։
«Մեր ընդհանուր գույներն են կապույտը եւ դեղինը։ Մեր ընդհանուր արժեքներն են ազատությունը եւ դեմոկրատիան։ Մեր ընդհանուր նպատակներն են հաղթանակը եւ արդարությունը»,- գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։