Արցախի 7 ամիս շարունակվող ամբողջական շրջափակումը հասել է օրհասական կետի, երբ այլեւս լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու, այդ թվում 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների կյանքը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, Ստեփանակերտում համաժողովրդական շարժման հանրահավաքում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Երբ այլեւս մի ողջ ժողովրդի գլխին կախված է գոյաբանական սպառնալիքներ, որոնք անհերքելի են եւ ընդգծված: : Գտնվելով շրջափակման մեջ եւ հունիսի 15-ից ամբողջությամբ կտրվելով հումանիտար հասանելիությունից, մեր ժողովուրդը կանգնել է թերսնուցման, սովի, Ադրբեջանի կողմից անթաքույց իրականացվող էթնիկ զտման, բռնի հպատակեցման եւ ցեղասպանության իրականացման անհերքելի սպառնալիքի ներքո:
Այսօր ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է: Դիմում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին. Մարդու իրավունքնե՞ր, ասում եք: Ուրեմն ասեք ինձ ես ինչպես նայեմ այս ժողովրդի աչքերին, եւ ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ: Ես ինչպես նայեմ թերսնուցման մեջ գտնվողն հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել: Ես ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա ամենամեծ երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է:
Ես ինչպես նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար: Եվ վերջապես ես ինչպես նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված, զոհված մոր աչքերին, որը ահաբեկված աչքերով նայում է ինձ վախենալով, որ կկորցնի իրեն մնացած վերջին սրբությունը՝ որդու գերեզմանը:
Ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, դուք պատասխանեք նրանց, որովհետեւ ես այլեւս պատասխաններ չեմ գտնում:
Գեղեցիկ ու շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է, այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելը մեկ այլ բան:
Մտահոգված ենք, խիստ մտահոգված ենք, խորապես մտահոգված ենք, կոչ ենք անում եւ նմանատիպ այլ հայտարարություններ:
Բավ է, հերիք է: Մինչ դուք մերկապարանոց մտահոգություններ եք հայտնում, 120 հազար մարդ մատնվում է անմարդկային զրկանքների»,-ասաց Գեղամ Ստեփանյանը: Նա նաեւ դիմեց ռուս խաղաղապահներին, որոնց 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ վերապահվել է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի եւ ֆիզիկական գոյության հիմնական երաշխավորի դերը. «Մեզ խաղաղություն էր խոստացվել: Խաղաղությունը ամեն օր տեղեկագրերում հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրումը չէ: Խաղաղությունը ամենօրյա հաց հայթայթելով ֆիզիկական գոյություն քարշ տալը չէ, խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված եւ ամեն ինչից զրկված լինելը չէ: Խաղաղությունն ամեն օր հոգեբանական հարձակումների եւ մեզ վրա թափվող անորոշություններիը չեն:
Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, ապահովելու բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով»:
Նա դիմեց նաեւ Հայաստանի ժողովրդեին. «Ինչպես միշտ, այս անգամ էլ կանգնեք ի պաշտպանություն Արցախի, մենակ մի թողեք Արցախում ապրող հային իր սրբագույն երազանքի հետ մեն միայնակ:
Սփյուռքում ապրող քույրեր եւ եղբայրներ, ձեզնից շատերը իրենց նախնիների օրինակով գիտեն, թե ինչ է նշանակում ցեղասպանվել, հայրենազրկվել, ինչ է նշանակում ապրել հայրենիքից հեռու, հայրենիքի կարոտը սրտում անթեղած: Ձեզ խնդրում եմ, եթե կուզեք, աղաչում եմ՝ վեր ելեք, կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը: Վեր ելեք պարտադրելու աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնել հայի ճակատագրի համար:
Մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում եւ վերջ: Վերջապես հասկացեք: Բոլոր նրանք, որոնք դեռ իլյուզիաներ ունեն այս առիթով, թող պատասխանեն՝ արդյոք հնրավո՞ր էր պատկերացնել հրեաներին կյանքը նացիստական Գերմանիայում: Այո, Ադրբեջանն այդ նույն նացիստական երկիրն է, որտեղ հասարակությունն ամբողջությամբ ներծծված է հայատյացությամբ:
Ացրախը ապրելու է, հարատեւելու է ի հեճուկս բոլոր չկամների եւ թշնամիների եւ ի փառս համայն հայության»:
Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով եւ հայտարարել, որ միանում է շարժմանը:
Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը: