Մինչ միասնական տոմսային համակարգի ներդրումը, Երեւանի ավտոբուսային երկու երթուղիներում մետաղադրամներ ընդունող նոր սարք է տեղադրվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:

Նախկին 100 դրամանոցներ ընդունողի փոխարեն նոր սարքավորումն ընդունում է 50, 100, 200 ու 500 դրամանոցներ եւ վերադարձնում մանրադրամը:


«35 եւ 74 համարի «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներում նորամուծություն արեցինք. փորձնական տեղադրել են մանրադրամը վերադարձնող սարքավորում, որպեսզի ուղեւորները վարորդին գումար չտան: Սա ժամանակավոր լուծում է, մինչեւ կանցնենք տոմսային միասնական համակարգին»,-ասում է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը:

Փոփոխությունն արվել է ուղեվարձի գումարը վարորդին չտալու, նրա ուշադրությունը չշեղելու նպատակով:

Քաղաքացիների համար սա դեռ նորություն է, անսովոր, բայցեւ՝ կարեւոր: Կփակցվեն նաեւ հուշող պաստառներ:

Վարորդները խնդրում են ավտոբուսից օգտվել՝ ունենալով մետաղադրամ: Մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտի պատասխանատուները շեշտում են՝ լուծումը ժամանակավոր է:

Հանրային տրանսպորտի բարեփոխման ծրագրով բոլոր ավտոբուսներում կներդրվի միասնական տոմսային համակարգ: