«Չեմ հավատում»՝ հենց այս երգի հիման վրա է Սոնա Եսայանը ներկայացրել իր նոր տեսահոլովակը։ Պարուհին հանդես է գալիս լիրիկական ստեղծագործությամբ, բայց կրակոտ ռիթմերով ու պարային դրվագներով՝ չէ՞որ տեսահոլովակը նկարահանված է Դուբայում։ Ի դեպ, հոլովակը ստեղծվել է Սոնայի ու ամուսնու՝ հումորիստ, ստենդափեր Գրիգ Գեւորգյանի մտահաղացմամբ, իսկ երգը հեղինակել են Արտեմ Վալտերն ու George Brainshaker-ը։
Տեսահոլովակի նկարահանումների ընթացքում Սոնան ինստագրամյան իր էջում կիսվել էր տպավորություններով․ «4 օրով մեկնել էինք Դուբայ՝ նոր երգիս տեսահոլովակը նկարահանելու։ Հաճույք եմ ստացել նկարահանման ողջ ընթացքից՝ առանց բացառությունների։ Վայելել եմ պրոցեսը, պրոֆեսիոնալ թիմիս աշխատանքը, վայրն ու նաեւ՝ հրաշք եղանակը։ Նկարահանումը շատ էր տարբերվում Հայաստանում իմ ունեցած փորձից. ամեն ինչ ուրիշ էր»,-գրել էր պարուհին։
Հավելենք, որ հոլովակը YouTube-ում տեղադրվել է մեկ օր առաջ եւ արդեն ունի 30 հազարից ավել դիտում։ Մեկնաբանությունների բաժնում շատերն ընդգծել են, որ հավանում են Սոնայի ձայնի մելիզմները։ Ոմանց, հատկապես, դուր է եկել պարային հատվածը։