26-ամյա Արման Կոստանյանը մեղադրվում է դիտավորությամբ վրաերթ կատարելու մեջ: Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Սարգսյանի նախագահությամբ սկսվել է վերջինիս գործով դատական նիստը: Այս մասին YerevanNews.am-ը տեղեկացավ դատարանից:
Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Արման Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ հունիսի 22-ին ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի Արարատ գյուղում Սողոմոնյան փողոցում, այնուհետև Արարատ քաղաքի հիվանդանոցի մոտակայքում, իսկ հետո նաև Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցում` հասարակական վայրերում քննությամբ չպարզված անհայտ անձի հետ խմբի կազմում կատարել է անձի նկատմամբ բռնությամբ, ինչպես նաև ուրիշի գույքը վնասելով զուգորդված, որպես զենք օգտագործվող առարկայի գործոդրմամբ խուլիգանություն, այն է` իր <<ԲՄՎ>> մակնիշի, 64 ՍՕ 994 պ/հ ավտոմեքենայով Արարատի մարզի Արարատ գյուղի Գրիբոյեդով-Սողոմոնյան փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար դիտողություն ստանալով Արարատ քաղաքի բնակիչ Հրաչյա Աբրահամյանից` ինքնահաստատվելու և սեփական անձի առավելությունը ընդգծելու ցանկությամբ հետապնդել է մոր և հարևանուհի բուժքրոջ հետ միասին վատառոջ եղբորը հիվանդանոց տեղափոխող Հ.Աբրահամյանին:
Հհիվանդանոցի բակում անախորժ խոսակցության է բռնվել Հ.Աբրահամյանի մոր և եղբոր հետ, այնուհետև հանդիպելով Հ.Աբրահամյանին, հիվանդանոցի դիմացի հատվածում հրավիրել է հիվանդանոցի հետնամաս և անհայտ անձի հետ միասին հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից իր անկախությունը ապացուցելու և իր անձը հասարակությանը հակադրելու միջոցով իր գերակայությունը ցույց տալու ցանկությամբ, խուլիգանական մղումներով վիճաբանության մեջ է մտել Հ.Աբրահամյանի հետ, ծեծի ենթարկել, նրա և նրա մոր հասցեյին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ:
Երբ վերջինս <<Գրանտ Չերոկի>> մակնիշի 21 ՍՍ 030 պ/հ ավտոմեքենայով դիմել է փախուստի, իր մեքենայով հանդիպել է նրան և Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 2 շենքի մոտ` հասարակական վայրում իր և ընկերոջ` քննությամբ չպարզված անհայտ անձի առավելությունը ցույց տալու, շրջապատի հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցադրելու ցանկությամբ վերջինիս հետ միասին կրկին կռվի մեջ է մտել Հ.Աբրահամյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության և բարոյական նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանք արտահայտելով փողոցում հավաքված քաղաքացիների ներկայությամբ, շուրջ 7 րոպե տևողությամբ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով հարվածել է Հ.Աբրահամյանի <<Գրանտ Չերոկի>> մակնիշի 21 ՍՍ 030 պ/հ ավտոմեքենային:
Այնուհետև, նստելով որպես զենք օգտագործվող <<ԲՄՎ>> մակնիշի 64 ՍՕ 994 պ/հ ավտոմեքենայի ղեկին` դիտավորությամբ վրաերթի է ենթարկել Հ.Աբրահամյանին` հասցնելով նրան առողջության միջին ծանրության մարմնական վնասվածքներ, միաժամանակ բախվելով վերջինիս <<Գրանտ Չերոկի>> մակնիշի 21 ՍՍ 030 պ/հ ավտոմեքենային` վնասել է այն և պատճառել 105200 դրամ նյութական վնաս, այնուհետև իջնելով մեքենայից` հայհոյանքներով սպառնացել է հաշվեհարդար տեսնել յուրաքանչյուրի հետ, ով կփորձի օգնել ասֆալտին ընկած Հ.Աբրահամյանին:
Արման Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: