«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ էքսկլյուզիվ հարցազրույց է տալու Արցախի հեռուստաընկերությանը` ներկայացնելով իրականությունը և փակագծեր բացելով: Ոմանք այս հայտարարությունը և Արցախի իշխանությունների վերջին շրջանի քայլերը բացատրում են Ադրբեջանի հետ երկխոսության և ինչ որ հարցերում զիջումների գնալու պատրաստակամությամբ: Կարծում են, որ Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի հետ ինտեգրման թաքնված կողմնակիցներից է` բացահայտորեն միանում է «ոչ մի ինտեգրում» հայտարարություններին, իսկ իրականում տակից քայլեր է անում ինտեգրման ուղղությամբ:
Մենք տեղեկացանք, որ Արցախի նախագահը որոշել է հերթական մարմինը ձևավորել, որը կքննարկի և որոշումներ կկայացնի թե առաջիկայում ինչ անել: Քանի որ ռուսական աջակցությունից այլևս ոչ մի ակնկալիք չունեն, հասկանում են, որ իրենց հույսը միայն իրենց վրա պետք է դնեն և Արցախում մնացած մարդիկ կոլեկտիվ որոշում պետք է կայացնեն, թե ինչ անել:
Եվ դա չի կարող մեկ անձ միանձնյա որոշել, որքան էլ նա բարձր պաշտոն զբաղեցնի: Այդ մարմինը պետք է արտացոլի 120 հազար մարդու կարծիքը: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ Արցախում հեղինակություն ունեցող անձինք, օրինակ, նախկին նախագահները հրաժարվում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Մյուսներն իրար հետ խնդիրներ ունեն և համատեղ աշխատել չեն կարողանում: Երրորդների մասնակցությունը միայն ապակառուցողական է: Դա է պատճառը, որ նման մարմինները ստեղծվում են ու մնում թղթի վրա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում