ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը երեկ երեկոյան հյուրընկալեց ՌԴ-ից ժամանած հոկեի օլիմպիական աստղերին՝ օլիմպիադայի կրկնակի չեմպիոն «Легенды хоккея» հ/ա-ի նախագահ, ՍՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալեքսանդր Յակուշևին, նույն ակումբի փոխնախագահ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Վլադիմիր Լուտչենկոյին, ՍՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական չեմպիոն` Յուրի Լյապկինին, «Легенды хоккея» հ/ա-ի փոխնախագահ, օլիմպիական չեմպիոն` Վիկտոր Շալիմովին, օլիմպիական կրկնակի չեմպիոն `Սերգեյ Մակարովին, ռուսական սպորտի վարպետ, վաստակաշատ դինամոյական, պրոֆեսոր Ալեքսանդր Գվոզդևին և «ТЭН» ընկերության խմբի Դիրեկտորների Խորհրդի նախագահ, նախկին հոկեիստ Ռոման Գուտնովին:

Ինչպես հայտնում են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունից, հանդիպումն անցել է ջերմ բարեկամական մթնոլորտում, լեգենդար մարզիկները երկուստեք վերհիշել են իրենց ունեցած փառահեղ հաղթանակներն ու զգացողությունները:

Յուրի Վարդանյանը շնորհակալագրեր, պատվոգրեր ու հուշանվերներ է հանձնել լեգենդար հոկեիստներին:
Վերջիններս իրենց խոսքում կարևորեցին ՄՀՀ-ում նախատեսված միջոցառումը և բարձր գնահատեցին հայկական կողմի իրականացրած աշխատանքներն այդ ուղղությամբ:

Հռչակավոր հյուրերը ՌԴ ԴԱԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վ.Պ.Վլասովի կողմից հուշամեդալ և պատվոգիր հանձնեցին Յուրի Վարդանյանին , ինչպես նաև շնորհակալագիր` ԱՊՀ սահմանապահ զորքերի Կոորդինացիոն ծառայության Ղեկավար խորհրդի նախագահ գեներալ-գնդապետ Ա.Լ.Մանիլովի կողմից՝ հայ-ռուսական բարի դրացիական հարաբերությունների, սահմանապահների ու նրանց ընտանիքների հայրենասիրական դաստիարակության,միջազգային օլիմպիական շարժման զարգացման, առողջ ապրելակերպի քարոզման և հոկեյի փառահեղ ավանդների մասսայականացման համար:Պատվոգիր և շնորհակալագիր հանձնվեց նաև փոխնախարար Նազարեթ Մնացականյանին:

Հանդիպումից հետո սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յու. Վարդանյանի ուղեկցությամբ ՌԴ պատվիրակությունը բարձրացավ Ծիծեռնակաբերդ, մարզիկները ծաղկեպսակ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրին: Մինչ այդ՝ ռուսական պատվիրակությունն այցելել էր «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ դրել Անհայտ Զինվորի շիրիմին և եղել Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի մատենադարանում: