«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի գործով: Իրավապահները մտել են Սյունիքի նախկին մարզպետի բարեկամների տները եւ փնտրել Տիգրան Խաչատրյանին, իսկ Տիգրան Խաչատրյանի բնակարան չեն այցելել, որպեսզի դատարանին կարողանան երկամսյա կալանքի հիմք ներկայացնեն՝ իբրև վարույթն իրականացող մարմնից խուսափում:
Ավելին՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբանը քննիչին միջնորդել է, որ կա մեկ վկա ու պատրաստ է ցուցմունք տալ, ուստի հարցաքննեն վկային, սակայն քննիչը մերժել է։ Մերժման մեջ ներկայացրել են այն պատճառաբանությունը, որ վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշում՝ ում, երբ հարցաքննի։
Այս ամենը արվում է միայն մեկ պատճառով՝ որպեսզի կարողանան պահպանել առաջադրված մեղադրանքը, այն է՝ խուլիգանություն։ Իսկ, ահա, նախկին մարզպետի որդին չկա ու չկա։ Նախաքննական մարմինը հրաժարվում է գործի մեջ ներգրավել վկային. միգուցե նա կարեւոր բան կարող է ասել, ինչը կօգնի քննության ընթացքին կամ կխանգարի իրավապահների գործին։
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ դատարանը որոշում էր կայացրել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Ինչպես հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, դատարանը բավարարել էր ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից ներկայացված միջնորդությունը։ Բանն այն է, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված hրազենի ապօրինի շրջանառության և խուլիգանության համար, որը կատարվել է զենքի գործադրմամբ։
Ըստ նախաքննությամբ ստացված փաստական տվյալների՝ Խաչատրյանը հունիսի 19-ին՝ ժամը 20․30-ի սահմաններում, իրեն պատկանող Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ գնացել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով և հանդուգն վարքագիծ դրսևորելով, խուլիգանական դրդումներով վիճաբանություն է հրահրել աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։
Ապա, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք, և հեռացել դեպքի վայրից:
Հիշեցնենք` Տիգրան Խաչատրյանին 2022 թվականի մայիսի 30-ին ձերբակալել էին՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հիմքով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Հուլիսի 30-ին նա ազատ էր արձակվել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: