Վերջապես, եկավ այդ երկար սպասված օրը Սիրուշոյի երկրպագուների համար։ Մի քանի շաբաթ տեւած ակնարկներից հետո երգչուհին երեկ ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը DONIK երգի հիման վրա է։
Երգը ժողովրդական ստեղծագործություն է, բայց, ինչպես բնորոշ է Սիրուշոյին, այն լրացված է ժամանակակից տարրերով։ Երգչուհին տեսահոլովակում փայլել է միանգամից մի քանի հետաքրքիր կերպարներով, որոնք հրաշալիորեն ամբողջանում են ազգային զարդերի եւ, ինչպես ստեղծագործությունը, ժամանակակից թրենդների հետ։
«Ամենադժվար ժամանակներում էլ մեզ թող միավորեն երգն ու մշակույթը: Հույս ունեմ եւս մեկ անգամ հիշեցնել մեր արմատների ամրության, գեղեցկության եւ բոլոր ժամանակներում ակտուալ լինելու մասին»,-անդրադառնալով իր նոր աշխատանքին՝ նշել է Սիրուշոն։
Մեկնաբանությունների բաժնում օգտատերերը շնորհակալություն են հայտնել Սիրուշոյին ազգայինի պահպանման ու տարածման համար։
«Ազգայինի ու մոդեռնի հրաշալի խառնուրդ է», «Մշակութային, ազգային, միեւնույն ժամանակ, մոդեռն․ հիասքանչ է։ Շնորհակալություն՝ մեր մշակույթն այսքան հրաշալի կերպով ներկայացնելու համար,-ասվում է մեկնաբանություններում։