39-ամյա Արթուր Պետրոսյանը տեղեկանալով այն մասին, որ իր աներձագը սեռական բնույթի գործողություններ է կատարել իր կնոջ հետ, վրեժխնդրությունից դրդված հարվածներ է հասցրել աներձագին: Գործը քննվել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ հետո բողոքարկվել Վերաքննիչ դատարան: Այս մասին YerevanNews.am-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից:
Ըստ մեղադրական եզրակացության, Արթուր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով, թե իր աներորդի Արման Խաչատուրովը ինչպես է պարբերաբար սեռական բնույթի գործողություններ կատարել իր կնոջ Մարիամ Պետրոսյանի հետ, վրեժխնդրությունից դրդված 2012թ. դեկտեմբերի 10-ի գիշերը՝ ժամը 04:00-ից մինչե 05:00-ի սահմաններում, Երևանի Արցախի փողոցի 5 շենքի իրեն պատկանող 111 բնակարանում մետաղյա ձողով և բռունցքներով հարվածներ է հասցրել Ա.Խաչատուրովի գլխի և մարմնի տարբեր մասերին՝ վերջինի առողջությանը գլխի, դեմքի, իրանի, վերջույթների շրջանների քերծվածքների, արյունազեղումների, բազմաթիվ սալջարդ-պատռված վերքերի, քթի, աջ այտոսկրի կոտրվածքների, ձախակողմյան հետտրավմատիկ լարված պնևմոթորաքսի ձևերով դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Նշենք որ, որպես իրեղեն ապացույց առգրավվել են Ա.Խաչատուրովի հագուստները՝ մեկ հատ մոխրագույն տաբատը և սև գույնի զոլավոր սվիտերը, վառարան խառնելու համար նախատեսված մետաղյա ձողը, ինչպես նաև Ա.Պետրոսյանի «Սամսունգ Դոուս» և տուժող Ա.Խաչատուրովի «Նոկիա Ն78» տեսակի բջջային հեռախոսները իրենց բջջային քարտերի հետ միասին:
Ամբաստանյալը նախկինում եղել է մի քանի անգամ դատապաչտված: Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ։
Դատարանը վճռեց Արթուր Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 1 տարի ժամկետով։
Պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում։
Նշենք, որ վճիռը բողոքարկվել է: