Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 14-ին Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ 102 կգ քաշային կարգում: Պայքարի մեջ կմտնեն աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը եւ Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը:
Այս քաշային կարգում մեդալի համար կպայքարի 10 ծանրորդ։ Սամվել Գասպարյանի եւ Գարիկ Կարապետյանի նախնական հայտը երկամարտում 400 կգ է: Հայ ծանրորդներից 6 կգ-ով ավել հայտ է ներկայացրել Իրանի ներկայացուցիչ Ռեզա Դեհդարը:
2021 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը Երեւանում երկամարտի 395 կգ արդյունքով (175+220) երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Անցած աշխարհի առաջնությունում 102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 389 կգ արդյունքով գյումրեցի ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր (175+214) :
Գարիկ Կարապետյանը Երեւանում անցկացված ԵԱ-ում 102 կգ քաշայինների պայքարում երիտասարդների եւ Եվրոպայի երկամարտի ռեկորդներով նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Երկամարտում նա գրանցել է 392 կգ արդյունք (178+214):
102 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:
Սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը մասնակցում է 14 ծանրորդով:
Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան նաեւ Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը (109+ կգ):
Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականի կազմում հանդես կգան նաեւ Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):
Հայաստանի հավաքականի առաջին եւ դեռեւս միակ մեդալը երկամարտում նվաճել է 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, որ երկամարտի 312 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր (142 +170):
Սեպտեմբերի 14, 20:00
Սամվել Գասպարյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)
Գարիկ Կարապետյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)
Սեպտեմբերի 15, 12:30
Լիանա Գյուրջյան, 81 կգ B խումբ (նախնական հայտ՝ 240 կգ)
Սեպտեմբերի 15, 20:00
Հռիփսիմե Խուրշուդյան, 87 կգ (նախնական հայտ՝ 245 կգ)
Տաթեւ Հակոբյան, 87 կգ (նախնական հայտ՝ 245 կգ)
Սեպտեմբերի 17, 17:30
Վարազդատ Լալայան, +109 կգ (նախնական հայտ՝ 460 կգ)
Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)
Գոռ Մինասյան (Բահրեյն), +109 կգ (նախնական հայտ՝ 460 կգ):
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024-ի համար: