Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ Աբովյան եւ Արմավիր քաղաքների ստադիոններում հանդես գալու հնարավորությունից զրկված Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» հաջորդ տնային հանդիպումը կանցկացնի Գյումրիի «Շիրակի» ստադիոնում։ Այդ մասին ռուսական championat.com-ին հայտնել է «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը։

«Բոլոր ազատ ստադիոնները պատկանում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Մենք ունենք հնարավորություն խաղալ միայն այլ ակումբների ստադիոններում, եթե նրանք համաձայնություն տան։ Շնորհակալություն Գյումրիի «Շիրակին», որը թույլ է տվել, եւ մենք հաջորդ տուրի հանդիպումը կանցկացնենք նրանց տնային ստադիոնում։ Բայց մենք ստիպված ենք լինելու խաղալ Երեւանից մոտ 200 կմ հեռու։ Հասկանալի է, որ երկրպագուները չենք կարողանա մասնակցել, քանի որ հեռու է։ Շատ բարդ իրավիճակ է։


Սա Ֆեդերացիայի գիտակցված որոշումն է դուրս թողնել լեգենդար ակումբը Հայաստանի առաջնությունից։ Կարծում եմ՝ այս ամենից հետո «Փյունիկը» կդադարեցնի գոյությունը։ Բարդ կլինի»,- ասել է Արթուր Սողոմոնյանը։

Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Փյունիկը» սեպտեմբերի 16-ին կընդունի Երեւանի ԲԿՄԱ-ին։ 6 խաղից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 14 միավորով առաջին տեղում է։