Եվրասիայում հումանիտար աղետ է ծավալվում, եւ օրենսդիրները իրավապաշտպանների հետ միասին պահանջում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս մասին գրել է National Journal պարբերականը։

Հոդվածի հեղինակ Քրիստինա Մազան հիշատակել է հինգշաբթի տեղի ունեցած լսումները Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում, Արցախում ճգնաժամի հարցի վերաբերյալ։


«Իրավապաշտպանները եւ իրավունքի ոլորտի փորձագետները հավաստիացնում են, որ երկրում տեղի է ունենում էթնիկական զտում։ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսն աջակցել է այս տեսակետին՝ Սենատի նիստում հայտարարելով, որ Ալիեւը եւ նրա վարչակարգը «փորձում են սովամահ անել այդ մարդկանց կամ հասցնել քաղաքական հնազանդման»։ Հինգշաբթի օրվա լսումների ժամանակ Մենենդեսը հարցրել է, թե ինչու վարչակազմը չի օգտագործում պատժամիջոցներ այն վարքագծի դեմ, որը ենթակա է պատժամիջոցների։

Դեւիդ Ֆիլիպսը Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների հետազոտման ինստիտուտից հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է օգտագործի պատժամիջոցներ ըստ «Մագնիտսկու օրենքի», որոնցով արգելվում է ԱՄՆ մուտքը եւ սառեցվում ակտիվները, ինչպես նաեւ այլ իրավական մեխանիզմեր Ալիեւին անձնական պատասխանատվության ենթարկելու նխատակով՝ Արցախի բնակիչներին սովի մատնելու համար»,- նշել է հոդվածի հեղինակը։

Մազան ընդգծել է, որ միջազգային հանրությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, բայց այդ տարածքի բնակչության մեծ մասը էթնիկ հայեր են։

«Այս իրավիճակը Խորհրդային Միությունից մնացած ժառանգություն է, որտեղ բոլշեւիկները ամրապնդել են իշխանությունը Հարավային Կովկասում եւ Արցախը դարձրել ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում, չնայած բնակչության մեծամասնությունն ադրբեջանցի չէ»,- գրել է հոդվածի հեղինակը։

Որոշ փորձագետներ նախազգուշացնում են, որ եթե հումանիտար իրավիճակը չկարգավորվի առաջիկայում, ապա կարող է սկսվել նոր արյունահեղություն։

Ադրբեջանը, ինչպես նշվում է, զենք եւ ուժեր է կուտակում Արցախի հետ շփման գծում, ինչպես արել է Ռուսաստանն անցած տարի Ուկրաինա ներխուժման նախօրեին։ Տեղում գտնվող մարդիկ հավաստիացնում են, որ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա նույնպես չի բացառվում, ընդգծել է պարբերականը։

Արցախի բնակիչ Արտակ Բեգլարյանը, որը նախկին պետնախարարն էր, ասում է, որ իրավիճակը մայրաքաղաք Ստեփանակերտում սրընթաց վատթարանում է, նշել է պարբերականմը։

«Պարենը եւ պաշարները, ինչպես նաեւ դեղորայքը, վառելիքը եւ առաջին անհրաժեշտության այլ առարկաներ վերջանում են կամ արդեն վերջացել են,- ասել է Բեգլարյանը։- Խանութները լրիվ դատարկ են։ Մեզ չի բավականացնում վառելիքը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու եւ բանջարեղենները ֆերմաներից մայրաքաղաք տեղափոխելու համար»։

Ադրբեջանը կարող է բախվել ծավալվող ճգնաժամի որոշ հետեւանքների։ ԱՄՆ 907 օրենքը ազատության աջակցության մասին արգելում է ուղիղ ամերիկյան օգնությունն Ադրբեջանի կառավարությանը։ Սակայն միմյանց փոխարինող ամերիկյան վարչակազմերն ամեն տարի օգտագործել են այդ արգելքը չեղարկելու հնարավորությունը Ադրբեջանին ռազմական սարքավորումներ վաճառելու եւ այլ օգնություն ցուցաբերելու համար։

Այս տարին դարձել է առաջինը վերջին տասնամյակում, երբ վարչակազմը չի երկարացրել այդ սահմանափակման գործողությունն ամառվա ընթացքում։ Աղբյուրները տեղեկացրել են, որ վարչակազմը հրաժարվում է այդ սահմանափակունից, որպեսզի ճնշում գործադրի Ադրբեջանի վրա շրջափակման հետ կապված։

Մենենդեսը հայտարարել է, որ մարդու իրավունքների խախտումներն Ադրբեջանում եւ կայունության սպառնալիքները պետք է գերազանցեն բոլոր պոտենցիալ շահերը, որոնք ԱՄՆ-ն կարող է ունենալ՝ Բաքվին օգնություն ցուցաբերելով։

«Ես չեմ հասկանում, թե ինչպես մենք կարող ենք դրական արդյունք ունենալ, երբ Ադրբեջանը զորք է հավաքում։ Ես չեմ տեսնում, թե մենք ինչպես կարող ենք դրական արդյունք ստանալ, երբ Ադրբեջանը սառնասրտորեն սպանում է անզեն հայ զինվորներին եւ սեռական ծաղրուծանակի է ենթարկում ու հաշմում կին զինվորին,- ասել է Մենենդեսը։- Ես չեմ տեսնում, թե ինչպես կարող է օրենքի 907 բաժինը հանգեցնել ավելի խաղաղ կարգավորման, երբ նրանք գտնվում են Արցախի 120 000 հայերի էթնիկ զտման շեմին»։