Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետ, ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների գործերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիեւը խոստովանել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը բազմաթիվ հայեր էին ապրում Ադրբեջանական ԽՍՀ քաղաքներում։

«Մինչեւ հակամարտության սկսվելը հայ բնակչությունն ապրում էր Բաքվում եւ Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում Ղարաբաղում, հարմարավետ պայմաններում, հեղինակություն ուներ հասարակությունում»,- ասել է Նագիեւը՝ ելույթ ունենալով «Անհետ կորածների ճակատագրի պարզմանն ուղղված ազգային ու գլոբալ ջանքերի ուժեղացումը» կոնֆերանսում։


Թե ինչ պատճառով է հայ բնակչությունը հեռացել Ադրբեջանից՝ կառույցի ղեկավարը չի նշել։ Կոտորածը, ջարդերի, սպանությունների եւ այլ գազանությունների մասին, որոնք Ադրբեջանից հարյուր հազարավոր հայերի փախուստի պատճառ են դարձել, Նագիեւը նույնպես չի խոսել։

Փոխարենը ՊԱԾ ղեկավարը «օգտվել է առիթից» եւ հայկական կողմին մեղադրել «կառուցողական չլինելու» մեջ՝ կոչ անելով Երեւանին «ավելի սերտ համագործակցել գերիների եւ պատանդների հետ կապված հարցերում»։ Հիշեցնենք, որ Բաքուն ժխտում է բազմաթիվ հայ գերիների առկայությունը, չի գտել վերջին տարիների վայրագ ռազմական հանցագործությունների մեղավորներին՝ «կառուցողականություն» տեսնելով բացառապես սեփական պահանջների բավարարման հարցում։