Ես վստահ եմ, որ ինձ ուզում եք «գցեք»: Այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարեց «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանի արձագանքին իր առաջարկին։

«Հայկ Մարության, դեմդ ո՞վ ա։ Լրագրո՞ղ, ինժենե՞ր, մանկավա՞րժ, թե՞ «քուչի լավ տղա»։ Դեմդ Վարդան Ղուկասյանն ա, ռազմական ոստիկանության պատմության մեջ լավագույն օպերատիվ աշխատող։ Հիմա դու ուզում ես ինձ ո՞ւմ տեղը դնես՝ Հենզել ու Գրետելի՞։ Փաստաթու՛ղթ։ Միմիայն փաստաթուղթ։ Նստում ենք և ստորագրում», - ասաց Ղուկասյանը։


Նա նշեց, որ փաստաթուղթ ստորագրելուց հետո Հայկ Մարությանը կդառնա քաղաքապետ, կզբաղվի քաղաքով, «իսկ ինձ ճանապարհ կտաս, որ գամ, մաքրեմ»։

«Կարող ես չմասնակցել իշխանափոխությանը։ Վերահսկողությունը՝ ինձ, քաղաքապետն էլ, փոխքաղաքապետն էլ՝ ձեզ» - ասել է Ղուկասյանը։

Նա առաջարկեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին և Հայկ Մարությանին զանգահարել իրեն, կազմակերպել ուղիղ եթերում փաստաթղթի ստորագրում։

«Փաստաթուղթ ենք ստորագրում, մայրաքաղաքը վերցնում ենք ու հաշված օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այլեւս իշխանության չի լինի: Եկեք օնլայն նստենք, խոսենք, ու թող ժողովուրդը տեսնի՝ իր կողմից ընտրվածները ում լարի վրա են խաղում»,- ասել է նա:

Նշենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ստացել է 7 մանդատ:

Ընտրություններին մասնակցած եւ ընտրական շեմը հաղթահարած ոչ մի քաղաքական ուժ չունի 33 մանդատ, որը պետք է քաղաքապետ ընտրելու համար: