Երեք սկզբունք կա, եթե Բաքուն համաձայնվի, ուրեմն խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ ստորագրված է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի այն հարցին։
«Անշնորհակալ գործ է ուղղակի այս իրավիճակում գնահատականներ տալ, որովհետեւ գնահատականները անկախ նրանից՝ ինչքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, նրանք որոշակի ազդեցություն են ունենալու իրավիճակի վրա։ Կարծում եմ՝ այսօր կարեւոր խնդիր է, որ մենք կարողանանք այնպես անել, որ խաղաղ գործընթացը շարունակվի, եւ շարունակվի մի քանի առանցքային սկզբունքների հիման վրա Այդ սկզբունքների մեջ ոչ մի նոր բան չկա, դրա մասին գիտեն բոլորը: Այդ սկզբունքներն արձանագրված են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հայտարարությանը հետեւած հայտարարության մեջ, որը արել է ԵՄ նախագահը, այդ սկզբունքները հետեւյալն են, որ 2 երկրները՝ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը՝ 29,800 կմ2 է, Ադրբեջանինը՝ 86,600 կմ2, երկրորդը՝ Ալմաթիի հռչակագիրը պետք է դառնա քաղաքական հիմք սահմանների դելիմիտացիայի եւ հետագայում նաեւ դեմարկացիայի համար»,- ընդգծեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կարեւոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոշում կայացվի եւ համաձայնություն ձեռք բերվի, թե որ քարտեզների հիման վրա է արվելու դեմարկացիան եւ դելիմիտացիան․
«Դա պետք է տեղի ունենա 1975 թվականի քարտեզների հիման վրա, բայց սկզբունքորեն այնպես չէ որ այդ մեր դիրքորոշումը այսպես՝ շատ կարծր է։ Երրորդը տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքի վրա։ Եթե Ադրբեջանը հրապարակային այս սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումը ընդամենը կարճ ժամանակի հարց է։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները ասում են, որ խաղաղության գործընթացին համաձայն են, չեն վերահաստատել իրենց հավատարմությանը այդ սկզբունքներին, ինչը կասկածներ է առաջացնում, որ իրենք խաղաղություն ասելով նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո։ Եթե իրենք այդ 3 սկզբունքներին վերահաստատում են իրենց հավատարմությունը, ապա կարող ենք համարել խաղաղությունը գործնականում կայացած»։