Միավորված Ազգերի Կազմակերպության մարդու իրավունքների գծով գլխավոր հանձնակատար Վոլքեր Թյուրքը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը Գազայում այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ պաղեստինյան խմբավորումը հարձակվել է Իսրայելի դեմ, տեղեկացրել է Reuters-ը։
Վոլքեր Թյուրքն ասել է, որ ցնցվել է այն տեղեկություններից, որ շաբաթ օրը Իսրայելի դեմ հարյուրավոր հրթիռներ են արձակվել, ինչպես նաեւ այն տեղեկություններից, որ իսրայելցի քաղաքացիական անձինք են պատանդ վերցվել։
«Այդ հարձակումը ահավոր ազդեցություն է գործում իսրայելցի քաղաքացիական անձանց վրա,- նշվել է Թյուրքի հայտարարությունում։- Քաղաքացիական անձինք երբեք չպետք է դառնան հարձակման օբյեկտ»։
Նա Իսրայելին կոչ է արել զգուշության միջոցներ ձեռնարկել՝ խուսափելու համար զոհերից քաղաքացիական բնակչության շրջանում, քանի որ նա հարձակմանը պատասխանել է Գազային հասցվող ավիահարվածներով։
«Ես կոչ եմ անում անհապաղ դադարեցնել բռնությունը եւ դիմում եմ տարածաշրջանի բոլոր կարեւոր կողմերին՝ դեէսկալացիայի հորդորով, խուսափելու համար հետագա արյունահեղությունից»,- ասել է նա։