Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, որը կկայանա հոկտեմբերի 13-ին։

Այցի ընթացքում Պուտինը բանակցություններ կվարի Ղրղզստանի նախագահ Սադիր Ջափարովի հետ։


Նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ հոկտեմբերի 12-ին Պուտինը Բիշքեկում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանք կքննարկեն Ղարաբաղի և ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը, ներառյալ նրանց հետագա օգտագործման հնարավորությունը՝ ղարաբաղցի հայերի հնարավոր վերադարձը իրենց բնակավայրեր ապահովելու համատեքստում։

Գագաթնաժողովում Համագործակցության երկրների ղեկավարները կամփոփեն կազմակերպության շրջանակներում այս տարվա փոխգործակցության արդյունքները, կորոշեն ապագա աշխատանքի հիմնական ուղղությունները, կարծիքներ կփոխանակեն արդի միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։ Ակնկալվում է, որ Վլադիմիր Պուտինն իր գործընկերներին կտեղեկացնի 2024 թվականին ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների մասին։

Հանդիպումից հետո պատրաստվել է ստորագրման փաստաթղթերի փաթեթ՝ ուղղված Համագործակցության անդամ երկրների միջև տնտեսական, մշակութային, հումանիտար և իրավապահ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել գագաթնաժողովին՝ պատճառաբանելով որոշակի հանգամանքներ։