Ինչպես տեղեկացրել էինք` Անկախության տոնի կապակցությամբ Եռաբլուր պանթեոն են այցելել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ այլոք: Նրանք ծաղկեպսակներ են դրել պանթեոնում: 

Եռաբլուրում են եղել նաեւ զոհված զինվորների հարազատները:

Այս մասին տեղեկացնում է GALA.TV-ին: Մի տարեց կին փորձել է փակել կաթողիկոսի ճանապարհը, որպեսզի նամակ հանձնի նրան: Թեև անվտանգության աշխատակիցները փորձել են խոչընդոտել զոհված զինվորի մորը, այնուամենայնիվ նրան հաջողվել է մոտենալ եւ նամակ հանձնել:

Այնուհետեւ կինը մոտեցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, նշել, որ ունի բնակարանի խնդիր, որ պաշտպանության նախարարությունը խնդրին երկար ժամանակ լուծում չի տալիս: Նրան փորձել է խանգարել Սամվել Ալեքսանյանը` նշելով, թե իրենք նախապես պայմանավորվել են խնդրի շուրջ: Երբ Տիգրան Սարգսյանը փորձել է հեռանալ, սկսել են բարձրաձայնել. «Հեռանում ես, որ ի՞նչ անես, սա՞ է մեր երազած անկախությունը»:

Տարեց կինն այնուհետեւ փորձել է մոտենալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն այս ընթացքում տեղի է ունեցել քաշքշուկ, քանի որ անվտանգության աշխատակիցները փորձել են կանգնեցնել կնոջը: