Առյուծը հայտնվել է իտալական ծովափնյա Լադիսպոլի քաղաքի փողոցներում՝ տեղի կրկեսից փախչելուց ժամեր անց, գրում է The Guardian-ը։

Լադիսպոլիի քաղաքապետ Ալեսանդրո Գրանդոն բնակիչներին ասել է շաբաթ օրը մնալ տանը, մինչ ոստիկանությունը և կրկեսի աշխատակիցները փորձում էին բռնել կենդանուն, որին ի վերջո քնեցրել եւ բռնել են:


Ավելի ուշ իտալական լրատվամիջոցներում հրապարակված կադրերը, որոնք, ըստ երևույթին, նկարահանվել են տեղի բնակիչների կողմից, ցույց են տվել, թե ինչպես է չափահաս առյուծը զբոսնում մութ ու ամայի փողոցներով:

Բայց Ռոնի Վասալոն՝ կրկեսի կենդանիների մենեջերը, ասում է, որ թեև առյուծի հետ հանդիպելու միտքը մարդկանց մեծամասնության մոտ վախ կառաջացներ, ութամյա Կիմբան քիչ վտանգ էր ներկայացնում:

«Նա հանդիպել է մարդկանց այնպիսի միջավայրում, որին սովոր չէր... և ոչինչ տեղի չի ունեցել: Ոչ մի վայրկյան նա բնազդային ցանկություն չի ունեցել հարձակվել մարդկանց վրա», - ասել է նա AFP-ին:

Մարզիչը, ում ընտանիքը վարում է շրջիկ կրկես, ասել է, որ իրենք բոլորը «շատ ցնցված և շատ սթրեսի մեջ են եղել» առյուծի փախուստից հետո, որը, ըստ նրա, պատահականություն չէր: Նա նշել է, որ անձամբ է ստուգել վանդակը գազանի փախուստից մեկ ժամ առաջ, և «ամեն ինչ լավ է եղել»:

Այնուամենայնիվ, նա հրաժարվել է մեկնաբանել դիվերսիաների մասին հաղորդումները, այդ թվում՝ կողպեքը կոտրելու մասին՝ ասելով, որ հետաքննություն է ընթանում: