«22 տարի առաջ այս օրը ազգովի կանգնեցինք Հանրապետության Հրապարակում և «այո» ասացինք անկախությանը»,- իր հիշողություններն է կիսում «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը: Գնդապետը բարձր է գնահատում անկախության առկայությունը և հորդորում է յուրաքանչյուրին սեփական բազկի ուժով պահել անկախությունը: «Անկախությունը նվեր չեն տալիս: Այն ձեռք է բերվել գետերով հոսած արյան գնով, հազարավոր մարդկային զոհերի գնով: Եկեք հավատանք, որ մեր անկախությունը հարատև է լինելու, և մեր երեխաները միշտ առանց վախենալու դպրոց կհաճախեն»,- իր խոսքում նշեց գնդապետը:
Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ազատամարտիկ Դուշման Վարդանի քույրը` Արմինե Ստեփանյանը, կոչ արեց բոլորին լավատես լինել և հավատալ, որ հայ մարդը մշտապես կապրի իր երկրում` սեփական հողի վրա: «Փառք Աստծո, որ այսօր կա այս փխրուն անկախությունը: Մենք ձեռք ենք բերել փառահեղ, զարգացած, համարձակ սերունդ, որի հետ հավերժ կարելի է շփվել ու հիանալ: Մեր կարևոր ձեռքբերումն այն է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, իսկ դա նշանակում է աստվածային, մաքրամաքուր լեզու, որով խոսելիս հնարավոր չէ վատ արտահյտություններ անել»,- ասում է Ստեփանյանը: Վերջինս համոզված է, որ դժվարություններ միշտ էլ լինելու, սակայն ամեն դեպքում էլ հայը չպետք է լքի իր երկիրը, քանի որ, որքան էլ այնտեղ, որտեղ մենք չենք, լավ է, այնուամենայնիվ Հայաստանն է իրական դրախտը:
Գնդապետ Սերոբյանը, հիշելով, որ կյանքի գնով իր ազատամարտիկ ընկերների հետ պայքարել են մինչև վերջ, մինչև «… ասացին` աչքներդ լույս, կռիվը պրծավ», չի կարողանում նաև մոռանալ այն, որ երեխաները մեծանում էին նկուղներում, իսկ երբ դուրս եկան այնտեղից, արդեն դպրոցականներ էին: Նա կոչ է անում գնահատել այն անկախությունը, որը տարիներ առաջ շատերի համար բաղձալի երազանք էր, կոչ է անում հետադարձ հայացք նետել անցյալում կատարած սխալներին, ուղղել դրանք` առավել բարեկեցիկ և խաղաղ կյանք ունենալու համար:
Ազգովի կանգնեցինք Հրապարակում և «այո» ասացինք. Աիդա Սերոբյան


