Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Էր Ռիյադում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մարդկային ռեսուրսների և սոցիալական զարգացման նախարար Ահմադ բեն Սուլեյման Ալ-Ռաջիի հետ։

Նախարարությունից  հայտնում են, որ անդրադարձ է կատարվել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարներին, մասնավորապես՝ սոցիալական ծառայությունների մատուցման գործընթացում արհեստական բանականության կիրառման, կանանց հզորացման, աշխատաշուկայի զարգացման, գործազրկության կրճատման և մի շարք այլ ուղղություններով։ Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցերի քննարկման համատեքստում՝ Ահմադ բեն Սուլեյման Ալ-Ռաջին պատրաստակամություն է հայտնել խորացնել ՀՀ հետ ոլորտային համագործակցությունը։


Քննարկված հարցերին գործնական ընթացք հաղորդելու նպատակով՝ նախարար Մկրտչյանը հանդիպումը շարունակել է Սաուդյան Արաբիայի Թագավորության Մարդկային ռեսուրսների և սոցիալական զարգացման նախարարի տեղակալ Աբդուլահ Նասսեր Աբութնաինի հետ։ Հանդիպման արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ համագործակցության հետագա քայլերը կանոնակարգելու և դրանց ընթացք տալու համար։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքային խումբը կիրականացնի նաև անհրաժեշտ աշխատանքներ հուշագրի կնքման նպատակով, որտեղ կներառվեն համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցության զարգացման ուղղությունները։