Ուզում եմ վստահեցնել, որ երեք օրենքներում կատարվող փոփոխությունը թեեւ փոքր է, բայց կարևոր եւ հրատապություն պահանջող փոփոխություն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հաձնաժողվում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։
Խոսքը հետեւյալ օրենքներով փոփոխության մասին է.
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացում կատարելու մասին:
Արմենուհի Հարությունյանը հիշեցրեց, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ ծառայության տնօրենը և նրա տեղակալները պաշտոնի նշանակվում և ազատվում են ՀՀ նախագահի կողմից։
«Նախագծերի շրջանակներում վերանայել ենք գործող կարգավորումներն այնպես, որ ԱԱԾ-ի տնօրենը և նրա տեղակալները պաշտոնի նշանակվեն և ազատվեն վարչապետի կողմից ծառայության՝ վերջինիս ենթակա լինելու հանգամանքն հաշվի առնելով»,-հայտնեց փոխնախարարը և նշեց, որ հարակից օրենքներում կատարվող փոփոխությունները դրա համատեքստում է։
Արմենուհի Հարությունյանի խոսքով փոփոխություններից հետո ԱԱԾ տնօրենը և նրա տեղակալները դառնալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ԱԱԾ մյուս ծառայողները՝ զինվորական ծառայության։
«ԱԱԾ առաքելության գործունեության պատշաճ իրականացման համար ԱԱԾ տնօրենի կողմից ծառայությունում զինվորական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական իրավունքների կիրառման հնարավորությունը նույնպես նախատեսվել են»,- ասաց փոխնախարարը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց, որ նախագծով սահմանվում է որ ԱԱԾ տնօրենի և նրա տեղակալների պաշտոնները զինվորականից հանելուն զուգահեռ հանվել են նաև գեներալ-լեյտենանտ և գեներալ-գնդապետ կոչումները, ինչը խոչընդոտում է ԱԱԾ-ում պաշտոնոկան առաջխաղաղումը։
Արմենուհի Հարությունյանը պատասխանեց, որ այդ կոչումները հանվել են միայն ԱԱԾ տնօրենի և տեղակալների համար, իսկ զինվորական ծառայության մեջ գտնվողների համար պահպանվել է։
Գեղամ Մանուկյանը փաստեց, որ օրենքների փոփոխության նախագծով առաջարկվում է ԱԱԾ կոչումների ցանկից հանել գեներալ-լեյտենանտ և գեներալ-գնդապետ կոչումները։
Արդարադատության փոխնախարարը հայտնեց, որ կդիտարկեն այդ դիտողությունը։
Հավելենք, որ փոփոխությունն արժանացավ հանձնաժողովի հավանությանը։