Վլադիմիր Պուտինի ընտրական շտաբի (որը դեկտեմբերի 18-ին ԿԸՀ-ին տեղեկացրել է նոր ժամկետի համար առաջադրման մասին) համախագահներ կարող են դառնալ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի ղեկավար, «Սպարտա» գումարտակի հրամանատար Արտյոմ Ժոգան, դերասան Վլադիմիր Մաշկովը եւ Մոսկվայի № 52 քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարյանա Լիսենկոն։ Այս մասին, հղում կատարելով նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրին, տեղեկացրել է «Կոմերսանտը»։
Ինչպես նշել է թերթը, բոլոր երեքն էլ մտնում են նախաձեռնող խմբի մեջ, որը դեկտեմբերի 16-ին աջակցություն է հայտնել Պուտինի ինքնաառաջադրմանը։ Աղբյուրի խոսքով՝ նախագահի աշխատակազմում որոշել են, որ շտաբի համանախագահներ պետք է լինեն հայտնի մարդիկ, որոնք կներկայացնեն հասարակության տարբեր խմբեր։
«Նախագահական քաղաքականություն» ֆոնդի ղեկավար Միխայիլ Վինոգրադովը «Կոմերսանտին» հայտնել է, որ Պուտինի շտաբի համանախագահները, որպես կանոն, ներկայացուցչական դեր են խաղում եւ որոշումներ չեն կայացնում. «Այդ մարդիկ խորհրդանշական բնույթ են կրում, բայց նրանք կանաչ լույս կունենան պետական մեդիաներում»։
2018թ. նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի շտաբի համանախագահներն էին «Տաղանդ եւ հաջողություն» ֆոնդի ղեկավար Ելենա Շմելյովան, ԿԱՄԱԶ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոլոգինը եւ Դիմա Ռոգաչովի անվան բժշկական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ռումյանցեւը (այժմ՝ Պետդումայի պատգամավոր)։