Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ պայքարում։
«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիզի նման բարձր մակարդակի մարզիկն ու անձնավորությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Ես վստահ եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում եւ խաղադաշտից դուրս օգուտ կտան իմ երկրում ֆուտբոլի աճին։ Ես քո կողքին եմ իմ ընկեր եւ հաջողություն եմ մաղթում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։
ՀՖՖ հերթական ժողովը դեկտեմբերի 23-ին կմեկնարկի 13:00-ին: Նախագահի ընտրությունը ժողովի օրակարգի նախավերջին հարցն է:
Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել է «Անի» ակումբը, որի նախագահը Խորեն Հովհաննիսյանն է։ Արաս Օզբիլիզի թեկնածությունն առաջադրել է «Ուրարտու» ակումբը, որի նախագահը Ջեւան Չելոյանցն է։