Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ է, որին հովանավորում է շահույթ չհետապնդող «Վիքիմեդիա» հիմնադրամը։


Անունը կազմված է վիքի (համագործակցական կայքեր ստեղծելու տեխնոլոգիա, հավայան վիքի բառից որը նշանակում է «արագ») և հունարեն էնցիկլոպեդիա բառերից։

Վիքիպեդիայի ավելի քան 30 միլիոն հոդվածները (այդ թվում՝ շուրջ 144 094 հայերեն վիքիպեդիայում) ստեղծվել են ինքնակամ մասնակիցների կողմից և համարյա բոլոր հոդվածները կարող են խմբագրվել Համացանցից օգտվող ցանկացած անձի կողմից։ Վիքիպեդիա նախագիծը սկսել են Ջիմմի Ուելսը և Լարի Սանգերը 2001-ի հունվարին և ներկայումս այն Համացանցի ամենաօգտագործվող հանրագիտարանային կայքն է։

2007 թվականի սեպտեմբերին այն ուներ 285 անկախ լրիվ առանձին լեզվական տարբերակներ, որոնց իրականացման հովանավորը Վիքիմեդիա Հիմնադրամ հասարակական հիմնադրամն է։ Ավանդական հանրագիտարանային հոդվածների հետ մեկտեղ կան նաև ալմանախ, թերթեր և ներկա իրադարձություններ թեմաներ։ Վիքիպեդիան ներկայումս Համացանցում ամենահաճախ այցելվող տեղեկատվական կայքերից մեկն է։ Օրական ամբողջ աշխարհից գրեթե 80 միլիոն մուտք է լինում այս կայքը։

Վիքիպեդիան պարունակում է մոտավորապես 30 միլիոն հոդված, որոնցից ավելի քան 4.300.000-ը պատկանում են անգլերեն տարբերակին։ Հանրագիտարանը սկսեց գործել որպես փորձագետների կողմից գրվող Նուպեդիա հանրագիտարանի շարունակությունը 2001 թվականի հունվարի 15-ից։ Հանրագիտարանը աշխատում է վիքի համակարգչային ծրագրով և ունի բազմաթիվ քույր նախագծեր, ինչպիսիք են օրինակ Վիքիդարանը և Վիքիգրքերը։

Վիքիպեդիան գնահատվում է անվճար լինելու, ազատության և մատչելիության, թեմաների հսակայական բազմազանության և հիրավի մանրամասն տեղեկությունների համար։ Վիքիպեդիան քննադատում են ավանդական հանրագիտարանի համեմատ արժանահավատության պակասի համար, en:systemic bias, և ավանդական հանրագիտարանային թեմաների վերաբերյալ հոդվածների թերությունների համար։ Այս կայքը նաև հսկայածավալ փորձարարական դաշտ է en:discourse այսպես կոչված սոցիալական գիտությունների բնագավառում ազատ քննարկումների համար։

Ազատ ու մատչելի հանրության գաղափարը, մի հանրության, որը միավորված է տեխնոլոգիայով, որտեղ հետզհետե մեծանում են հաղորդակցվող տեղեկությունների ծավալները, ակտիվորեն հոդվածներ են գրվում և քննարկվում ու ազատորեն տրամադրվում են համաշխարհային հասարակությանը, այս առանձնահատկությունները Վիքիպեդիան դարձնում են բացառիկ մի երևույթ ոչ միայն որպես հանրագիտարան, այլ նաև որպես տեղեկատվական ռեսուրսների մի աննախադեպ աղբյուր։


Այդուհանդերձ, շնորհիվ հենց այն հանգամանքի, որ այն բաց է յուրաքանչյուր գրել ցանկացողի համար և կարող է ազատորեն խմբագրվել ընթերցողների կողմից, հոդվածների արժանահավատությունը ըստ էության կախված է գրողի պատասխանատվությունից և բարեխղճությունից, և Վիքիպեդիա համայնքը անդադար աչալուրջ պիտի լինի վանդալիզմի հնարավոր դեպքերը կանխարգելելու և սուբյեկտիվ տեսակետներից խուսափելու համար։ Վիքիպեդիայի արժանահավատությունը հաճախ է կասկածի տակ առնվում, հենց այդ պատճառով, որ հոդվածների բովանդակությունը կարող է ազատորեն խմբագրվել ցանկացողների կողմից, իսկ դա կարող է հանգեցնել որոշակի անճշտության և ոչ բավարար խորությամբ հետազոտված բովանդակության։ Վանդալիզմը մշտական խնդիր է, թեև ի պատիվ համայնքի պետք է ասել, որ այն սովորաբար բացահայտվում ու վերացվում է մի քանի րոպեների ընթացքում։

Վիքիպեդիայի բովանդակությունը ստեղծում են օգտագործողները։ Յուրաքանչյուր այցելու կարող է խմբագրել Վիքիպեդիայի հոդվածները, և շատերն են այդպես անում, թեև կարելի է ասել, որ բոլոր խմբագրումների գրեթե կեսն անում է օգտագործողների ընդամենը 2.5 %-ը։ Էջերը միշտ կարելի է խմբագրել, այնպես որ ոչ մի հոդված երբեք «վերջնական» կամ «ավարտված» չի լինում։ Բոլոր խմբագրումների 18 %-ն անում են չգրանցված, անանուն խմբագիրները։