Հայաստանից Դուբայ մեկնող կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հերթական գործը վարույթ է ընդունվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:Այս մասին տեղեկանում ենք datalex.am տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրանքի՝ 43-ամյա Սուսաննա Պետրոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող, պոռնկությամբ զբաղվող և այդ կերպ ընտանիքի կարիքները մասամբ հոգացող դստեր՝ Արմենուհի Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ եւ վերջինիս պահանջով՝ իր ծանոթների շրջանում փնտրել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար արտերկիր մեկնելու ցանկություն ունեցող կանանց:

2012թ. դեկտեմբերին ընկերուհուց տեղեկանալով, որ նման ցանկություն է հայտնել Արարատի մարզի մի բնակչուհի՝ հանդիպել է վերջինիս, հայտնել, որ Դուբայ մեկնելու համար անհրաժեշտ հրավերքը և ճանապարհածախսի գումարը կուղարկի դուստրը, որը սկզբնական շրջանում կհոգա նաև Դուբայում նրա բնակվելու, սննդի և այլ հարցերը՝ հետագայում վերադարձնելու պայմանով:

Միաժամանակ հավաստիացրել, որ աղջիկը կօգնի նաև սեռական ծառայություններ մատուցելու համար հաճախորդ ապահովելու հարցում: Մեկնելու վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո` 2012թ. դեկտեմբերի կեսերին, դստեր ուղարկած գումարով տվյալ աղջկա համար ձեռք է բերել Երևան – Դուբայ չվերթի տոմս և դեկտեմբերի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանից նրան Դուբայ ճանապարհել, որտեղ, ըստ մեղադրական եզրակացության, վերջինս շուրջ 1,5 ամիս Արմենուհի Պետրոսյանի օժանդակությամբ զբաղվել է պոռնկությամբ և վաստակած գումարները տվել նրան: Սուսաննա Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1 և 3 կետերով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: