Հունվարի 23-ին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում դաշինքի կողմից ստորագրվել են 155 մմ տրամաչափի հրետանային զինամթերք գնելու պայմանագրեր։ Փաստաթղթերը ստորագրել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը և ՆԱՏՕ-ի ապահովման և գնումների գործակալության (NSPA) գլխավոր տնօրեն Սթեյսի Քամինգսը։

«Մենք հենց նոր ավարտեցինք հարյուր հազարավոր 155-միլիմետրանոց արկերի գնման համար 1,2 միլիարդ դոլարանոց պայմանագրերի ստորագրումը։ Կարևոր է ՆԱՏՕ-ի պաշարների համալրումը, քանի որ մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինային»,- արարողությունից հետո լրագրողներին հայտարարել է Սթոլթենբերգը:


Արարողությունը հեռարձակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանի կայքում։

ՆԱՏՕ-ի ապահովման և գնումների գործակալությունը կազմակերպության հիմնական ծառայություններ մատուցողն է, որը «տրամադրում է ինտեգրված հնարավորությունների լայն շրջանակ Դաշինքին, նրա անդամներին և գործընկերներին»: NSPA-ն միավորում է ՆԱՏՕ-ի լոգիստիկ և գնումների գործունեությունը: