Ռուսական արտադրության ռազմական տեխնիկան, որը Էկվադորը նոր տեխնիկայի դիմաց կփոխանցի ԱՄՆ, կառաքվի Ուկրաինա։ Այս մասին էկվադորական Teleamazonas հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է պետքարտուղարի արեւմտյան կիսագնդի հարցերով փոխտեղակալ Քեւին Սալիվանը։

«Սա համաձայնագիր է Ուկրաինայի կառավարությանը [ռազմական] տեխնիկայի փոխանցման մասին», - պատասխանել է դիվանագետը հաղորդավարի խնդրանքին մեկնաբանել Ռուսաստանի և Էկվադորի միջև լարվածությունը, որը առաջացել է Կիտոյի կողմից ռուսական արտադրության ռազմական տեխնիկան Վաշինգտոն փոխանցելու պատճառով:


«Սա Էկվադորի կառավարության որոշումն է, և մենք շատ ուրախ ենք, որ նա աջակցում է Ուկրաինային իր տարածքը պաշտպանելու ջանքերում», - հավելել է Սալիվանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք սարքավորումները փոխանցվել են, դիվանագետն ասել է, որ «այդ հարցը դեռ քննարկվում է Էկվադորի կառավարության կողմից, և այդ որոշումը կայացնում են Էկվադորի իշխանությունները»։

Հունվարի 10-ին երկրի նախագահ Դանիել Նոբոան հայտարարեց, որ Էկվադորը ռուսական և ուկրաինական արտադրության սարքավորումներ կփոխանցի Միացյալ Նահանգներին՝ 200 մլն դոլար ընդհանուր արժողությամբ նոր սարքավորումների դիմաց։ ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Էկվադորի կառավարությունների միջև ռազմական համագործակցության համաձայնագիրը թույլ չի տալիս ռազմական արտադրանքը փոխանցել երրորդ կողմին՝ առանց Մոսկվայի նախնական գրավոր համաձայնության:

2023 թվականի հունվարին ԱՄՆ Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ Լաուրա Ռիչարդսոնն ասել է, որ Վենեսուելան, Կուբան, Նիկարագուան և Լատինական Ամերիկայի վեց այլ երկրներ ունեն ռուսական զենք, և Միացյալ Նահանգները աշխատում է այդ ռուսական զենքը փոխարինել ամերիկյանով, եթե այդ երկրները ցանկանան այն փոխանցել Ուկրաինային։