Երևանի նախկին քաղաքապետ, օրերս նաև ավագանու մանդատից զրկված Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով շնորհավորեց երևանցիներին՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին նախագիծն ավագանու նիստի օրակագից հետ կանչման կապակցությամբ։
Նա սա մայրաքաղաքի բնակիչների հաղթանակը համարեց։
«Տրանսպորտի գների բարձրացումն ապացուցեց, որ գործող իշխանությունները բացարձակ որևէ ունակություն չունեն կառավարելու, ընդհանրապես չեն մտնում ժողովրդի վիճակի մեջ։ Հաշվարկ չեն անում, յուրաքանչյուր որոշում ընդունում են հենց այնպես՝ առանց մտածելու, քննարկելու և հաշվի առնելու դրա հետևանանքերը։ Դուք այդ նախագիծը ներքին քննարկման համար չեք հանում, լավ քննարկեիք նոր ներկայացնեիք։ Դուք ժողովրդի ճնշման տակ եք հետ կանչում այդ նախագիծը, քանի որ տեսաք սոցցանցերում մարդկանց արձագանքը։ Տեսաք, որ ժողովուրդը մերժում է, դուք արագ հետ կանչեցիք ձեր տգետ որոշումը»,- նկատեց նախկին քաղաքապետը։
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում է տրանսպորտը թանկ, բայց սուբսիդավորում է կատարվում։ Մարությանը գործող իշխանություններին խորհուրդ տվեց ուսումնասիրել սուբսիդավորման գործընթացը։
Հայկ Մարությանն արձանագրեց, որ եթե հասարակությունը միասնական է լինում, ապա կարողանում է հասնել նպատակին։