Ստեփան Ստեփանյանն այցելելով Աբովյան քաղաքում գտնվող «Գոլդ» բառ-սրճարան, վիճաբանել է սրճարանի հաճախորդ Արուսյակ Չաթոյանի և վերջինիս ուղեկիցներ Իրանի քաղաքացիների հետ, խախտել հասարակական կարգը և սրճարանի բնականոն աշխատանքը: Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ սրճարանում հաճախորդ՝ Արյուսակ Չաթոյանին վիրավորելու և վերջինիս կողմից ձեռքին եղած գարեջրի բաժակի պարունակությունը իր վրա լցնելու կապակցությամբ վիճաբանել է Ա. Չաթոյանի հետ, որից հետո Ստեփանը և նրա ընկեր՝ Գևորգ Բորիկի Բնյանը, դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք սրճարանի աշխատակցի և մյուս հաճախորդների նկատմամբ, հայհոյանքներ են տվել ներկա գտնվողների հասցեին, որի ընթացքում էլ Ս.Ստեփանյանը բռունցքով հարվածել է Ա.Չաթոյանի դեմքին՝ նրան պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք՝ առողջության տևական քայքայումով, ինչպես նաև Գ. Բնյանի հետ, ծեծի են ենթարկել Ա. Չաթոյանի հետ սրճարանում գտնվող, նրա ընկերներ Մուհամմադջավադ Հուշանգ Մանֆոզիանին և Ամին Մորեզա Սաշարֆարդին` նրանց առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով կոպիտ կերպով շուրջ 15 րոպե խախտել են հասարակական կարգը և սրճարանի բնականոն աշխատանքը:
Ստեփանի ընկեր Գևորգ Բնյանին մեղադրանք է հարուցվել նույն հատկանիշներով:
Ամբաստանյալ Ստեփան Ստեփանյանն իրեն մեղավոր ճանաչելով միայն ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում, ցուցմունք է տվել այն մասին, որ իր ընկերոջ՝ Գևորգ Բնյանի, հետ տվյալ օրը, ժամը 01-ի սահմններում որոշել են գնալ Աբովյան քաղաքում գտնվող ՙԳոլդ՚ բար-սրճարան գարեջուր խմելու: Սրճարանում, բացի իրենցից եղել են Իրանի իսլամական հանրապետության երկու քաղաքացիներ և տուժող Արուսյակ Չաթոյանը: Իրենք նստելով բարի սրահում, պատվիրել են գարեջուր և սկսել են խմել այն: Որոշ ժամանակ անց, իրենց կողքի սեղանին նստած աղջիկը, վեր կենալով սեղանից, գարեջրի շիշը ձեռքին, բարում միացրած երաժշտության ձայների ներքո պարային շարժումներ կատարելով, մոտեցել է մերկապարուհիների համար նախատեսված ձողի մոտ և հագուստներով սկսել է պարել: Այդ ժամանակ ինքը Գևորգի հետ զրուցելիս է եղել այդ աղջկա շորերով պարելու վերաբերյալ: Իր համար անհասկանալի պատճառով, նշված աղջիկը Գևորգի հետ իր խոսակցությունը չիգիտես ինչու ընդունել է որպես հայհոյանք իր հասցեին և ձեռքին եղած գարեջրի բաժակի պարունակությունը լցրել է իր վրա:
Իրականում սակայն, ինքը նրան չի հայհոյել, այլ ընդամենը դիտողություն է արել հագուստով պարելու համար: Նույն պահին, վեր կենալով նստած տեղից և մոտենալով այդ աղջկան մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, որի հետևանքով աղջիկն ընկել է գետնին: Ամբաստանյալն ավելացրել է, որ, երբ հարվածել է Արուսյակին, նա եղել է հարբած և ընկել է գետնին ոչ թե իր հարվածից, այլ չկարողանալով պահել հավասարակշռությունը: Ընկնելուց հետո, մոտեցել, բարձրացնելու համար ձեռքը մեկնել է Չաթոյանին ու կատարվածի համար ներողություն է խնդրել նրանից: Այդ ժամանակ աղջկա հետի տղաները մոտեցել են իրենց և միմյանց միջև քաշքշուկ է սկսվել, որի ընթացքում իրենք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Հայտնել է, որ միջադեպի ամբողջ ընթացքում բարում եղել են իրենք, ազգությամբ պարսիկ տղաները, տուժող Արուսյակ Չաթոյանը և բարի մատուցողուհին: Նշել է, որ այդ ամենը տևել է ընդամենը 5 րոպե, որից հետո բարի մատուցողուհուց ներողություն են խնդրել իրենց կատարածի համար և հեռացել այնտեղից:
Տուժող Արուսյակ Չաթոյանի դատաքննական ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը իրեն է զանգահարել իր ընկեր՝ ազգությամբ պարսիկ Մուհամեդը և հրավիրել է իր մյուս ընկերոջ՝ Ամինի, բնակարան զրուցելու: Ինքն ընդունելով նրա առաջարկը գնացել է Ամինի բնակարան և մի քիչ զրուցելուց հետո, որոշել են գնալ ինչ որ տեղ զվարճանալու: Նրանց առաջարկել է գնալ Աբովյան քաղաքում գտնվող բար-սրճարան: Գնացել են նշված սրճարան, նստել են սեղանի շուրջ, պատվիրել են ալկոհոլային խմիչք և ուտելիք:
Այդ ընթացքում օգտագործել է ալկոհոլ, որի արդյունքում բարձրացել է տրամադրությունը և սկսել է գարեջրի բաժակը, թե շիշը /չի հիշում/ ձեռքին պարային շարժումներ կատարելով մոտենալ բարի տաղավարին: Բարի տաղավարին մոտենալու ժամանակ ամբաստանյալ Գևորդ Բնյանն իրեն դիտողություն է արել, ասելով, թե լավ չես պարում: Այդ լսելով, Գևորգ Բնյանին պատասխանել է, որ ինքը պրոֆեսիոնալ պարուհի չի և թող իրեն չհետաքրքրի, թե ինքն ինչպես է պարում: Դրանից հետո, երբ ցանկացել է վերադառնալ իրենց սեղանի մոտ, նույն պահին լսել է, թե այդ տղաներից մեկն ինչպես է իր ետևից հայհոյում, որի պատճառով իր ձեռքին եղած գարեջուրը լցրել է Ստեփան Ստեփանյանի դեմքին: Վերջինս բռունցքով հարվածել է իր բերանին, որից ինքը վայր է ընկել: Ընկնլուց հետո, բարի աշխատակցուհի Արմինեն իրեն տարել է զուգարան, որտեղ լվացվել է, իսկ և վերադառնալուց տեսել է, որ բարում ամեն ինչ տակնուվրա է արված:
Դատարանը վճռեց Ստեփան Ստեփանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 3 տարի ժամկետով :
Գևորգ Բնյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 2 /երկու/ տարի ժամկետով, և նշանակել տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով: