Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փետրվարի 19-ին Հայաստանն ունի 5 մասնակից: Տիտղոսի համար կպայքարեն Սամվել Գասպարյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ ) եւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ):
Առաջինը մրցահարթակ դուրս կգա 102 կգ քաշային կարգի ներկայացուցիչները․ Հայաստանի հավաքականից կպայքարեն աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը եւ Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը:
Այս քաշային կարգում մեդալի համար կպայքարի 12 ծանրորդ։ Գասպարյանի եւ Կարապետյանի նախնական պատվերները երկամարտում ամենաբարձրն են՝ 395 կգ: Հայ ծանրորդները մրցակիցներից 5 կգ-ով ավելի հայտ են ներկայացրել:
2021 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը Երեւանում երկամարտի 395 կգ արդյունքով (175+220) երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Անցած աշխարհի առաջնությունում 102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 389 կգ արդյունքով գյումրեցի ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր (175+214) :
Գարիկ Կարապետյանը Երեւանում անցկացված ԵԱ-ում 102 կգ քաշայինների պայքարում երիտասարդների եւ Եվրոպայի երկամարտի ռեկորդներով նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Երկամարտում նա գրանցել է 392 կգ արդյունք (178+214):
Սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացված աշխարհի առաջնությունում Գասպարյանը երկարատի 394 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը (178+216): Գարիկ Կարապետյանը 393 կգ արդյունքով 5-րդն էր (183+210):
102 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի 16:00-ին:
Երեկոյան մրցահերթում մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը (109 կգ):
Այս քաշային կարգում պայքարի մեջ կլինի 11 ծանրորդ: Պետրոս Պետրոսյանը երկամարտում հայտավորվել է 380 կգ պատվերով: Նույնքան են պատվիրել նաեւ վրազի Զազա Լոմաձեն եւ ադրբեջանցի Դադաշ Դադաշբայլին:
Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Մ23 եւ Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն Պետրոս Պետրոսյանը երկամարտի 379 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
109 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կսկսի 19:00-ին:
Ավելի ուշ մրցահարթակ դուրս կգան կանանց 87 կգ քաշային կարգի ներկայացուցիչները: Հայաստանի թիմից տիտղոսի համար կպայքարեն Եվրոպայի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը եւ 2023 թ. Եվրոպայի փոխչեմպիոն Տաթեւ Հակոբյանը:
6 տարվա դադարից հետո մրցահարթակ դուրս եկած Հռիփսիմե Խուրշուդյանը նախնական հայտավորվել է երկամարտի 240 կգ-ով: Նույնքան նախնական պատվեր ունի նաեւ Տաթեւ Հակոբյանը: Հայ ծանրորդներից 20 կգ ավել նախնական հայտ ունի նորվեգացի Սոլֆրիդ Էիլա Ամենա Կոանդան (260 կգ):
Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ (107+120)։
Տաթեւ Հակոբյանը Երեւանում մասնակցել է 76 կգ քաշային կարգում եւ երկամարտի 226 կգ արդյունքով նվաճել փոխչեմպիոնի կոչումը (104+122):
Սեպտեմբերին Սաուդյան Արաբիայում անցկացված աշխարհի առաջնությունում Տաթեւ Հակոբյանը երկամարտի 237 կգ-ով գրավեց 5-րդ տեղը (105+132), Հռիփսիմե Խուրշուդյանը 235 կգ-ով 6-րդն էր (105+130):
Կանանց 87 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի 22:00-ին:
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի կազմում Սոֆիայի մրցահարթական դուրս կգան նաեւ Վարազդատ Լալայանը (+109 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն նվաճել է 3 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներ:
Եվրոպայի չեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (96 կգ), արծաթե մեդալակիր՝ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), բրոնզե մեդալակիր՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ):