Աշխարհի գավաթում ոսկե մեդալակիր դարձա, բայց արդյունքիցս այդքան էլ գոհ չեմ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Արթուր Դավթյանը հենացատկում նվաճեց ոսկե մեդալը:
Եզրափակիչում Արթուր Դավթյանն առաջին տեղը գրավեց 14,933 միավորով։ Որակավորման փուլում աշխարհի չեմպիոնիը վաստակել էր 15.000 միավոր՝ դարձյալ զբաղեցնելով առաջին տեղը։
«Աշխարհի գավաթի առաջին փուլում արդյունիցս ե՛ւ գոհ եմ, ե՛ւ գոհ չեմ: Ես մեջքի խնդիր ունեի, երկար ժամանակ բուժվում էի: Հավաքներին չկարողացա լիարժեք պատրաստվել: Շատ քիչ ժամանակում պատրաստվեցի եւ այս պահին կարողացա այս արդյունքն անել:
Սխալներ շատ կան, պետք է աշխատեմ դրանց վրա: Դեռ մրցաշարեր ունենք: Հուսով եմ՝ արդեն հաջորդ մրցաշարերում ավելի լավ մարզավիճակում կլինեմ»,- ասաց Արթուր Դավթյանը:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Արթուր Դավթյանն արդեն ունի բազմամարտի օլիպմիական ուղեգիր, որը նվաճել է 2023 թվականի աշխարհի առաջնությունում:
«Աշխարհի գավաթի փուլերը օլիմպիական վարկանիշային են: Ես արդեն ունեմ վարկանիշ: Այստեղ իմ մասնակցությունը վարկանիշների հետ կապ չունի: Ինձ համար սա հերթական աշխարհիի գավաթի խաղարկությունն է, մասնակցում եմ: Ինձ պես շատերը ունեն վարկանիշ, ուղղակի եկել են մասնակցելու, որպեսզի Օլիմպիական խաղերից առաջ մարզավիճակ կարողանան պահպանել:
Այստեղ ամենակարեւորը մեր տղաների մասնակցությունն է, որ պետք է կարողանան պայքարել եւ վարկանիշ ձեռք բերել»,- նշեց Արթուր Դավթյանը:
Եգիպտոսում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականից օղակների վարժությունում արծաթե մեդալակիր է դարձել Վահագն Դավթյանը: Աշխարհի գավաթի բոլոր փուլերի արդյունքներով են որոշվելու օլիմպիական ուղեգիր նվաճողները:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը փետրվարի 22-ից Գերմանիայի Կոտբուս քաղաքում կմեկնարկի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում, որտեղ կմասնակցեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը: