Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր որոշում կայացրեց դադարեցնել բանդիտիզմի գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ մահվան հիմքով,-այս մասին գրում է Փաստինֆոն:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Ա.Դալլաքյանի պաշտպան Վաչագան Քոսյանը, արդեն նախկին ամբաստանյալի հարազատները դատարանին ուղղված երկրորդ դիմումում չեն առարկել այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ՝ առաջին դիմումում Ա.Դալլաքյանի հայրը՝ Ալբերտ Դալլաքյանը խնդրել էր իր որդու դեմ գործը կարճել արդարացման հիմքով:
Վ.Քոսյանն ընդգծեց, որ իրենք գնալու են այլ ճանապարհով՝ բողոք են ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազին՝ Արման Դալլաքյանի նկատմամբ բռնությունների, խոշտանգումների, ճնշումների, ոչ բավարար բժշկական օգնություն ցույց տալու փաստերի առնչությամբ՝ խնդրելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Ձերբակալության օրը ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունից Ա.Դալլաքյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ վիրահատվելու, և վիրահատության հաջորդ օրը դուրս գրվել կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:
Պաշտպանի հարցմանը, թե ինչու էր նոր վիրահատված անձը հապշտապ դուրս գրվել հիվանդանոցից, բժիշկները տեղեկացրել էին, որ հիվանդին դուրս են գրել ոստիկանների պահանջով և ոստիկանների ուղեկցությամբ նա տեղափոխվել է ոստիկանության հոսպիտալ: Ձերբակալվելու ժամանակ Ա.Դալլաքյանը վնասել էր ինքն իրեն՝ որովայնի շրջանում, ինչի հետևանքով առաջացել էր ճողվածք, որի հետևանքները վերացվեցին միայն 13 ամիս անց: Բացի այդ առկա են ուղղակի կամ ուղղակի խոշտանգումների փաստեր, մասնավորապես, գործում առկա է տեսանյութ, որից երևում է, թե ինչպես են ոստիկաններն իրենց վերաբերմունքով նվաստացնում Ա.Դալլաքյանին: