Ամերիկյան Apple կորպորացիան որոշել է չեղարկել սեփական էլեկտրական մեքենայի մշակման նախագիծը, որն սկսվել է տասը տարի առաջ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ։ Այս մասին հայտնում են նաև Reuters-ի աղբյուրները։
Գործակալության զրուցակիցները Bloomberg-ին հայտնել են, որ այդ մասին կորպորացիան հայտարարել է փետրվարի 27-ին։ Որոշմանն աջակցել են գլխավոր օպերացիոն տնօրեն Ջեֆ Ուիլյամսը և Apple-ի տեխնոլոգիական գծով փոխնախագահ Քևին Լինչը, որը պատասխանատու էր նախագծի համար։
Երկու ղեկավարներն էլ մշակման մեջ ներգրավված աշխատակիցներին ասել են, որ այն աստիճանաբար կդադարեցվի, իսկ անձնակազմը կտեղափոխվի արհեստական բանականության բաժին: Ըստ աղբյուրների՝ նախագծի վրա աշխատել է մոտ 2000 մարդ։
Bloomberg-ի աղբյուրները չեն բացառել, որ անձնակազմի մի մասը կդիմի այլ գերատեսչություններ տեղափոխվելու համար, իսկ մի մասը կազատվի աշխատանքից։ Դեռ հայտնի չէ, թե քանի աշխատակից ստիպված կլինի լքել ընկերությունը։ Apple-ը հրաժարվել է մեկնաբանություն տալ։
Ի՞նչն է պատճառը
Խոսքը Project Titan նախագծի մասին է, որը կորպորացիան գործարկել է 2014-ին, գրում է Bloomberg-ը։ Այդ ժամանակից ի վեր, ըստ գործակալության, դրանում միլիարդավոր դոլարներ են ներդրվել։ Նախագիծն սկսեց դժվարությունների հանդիպել իր գոյության գրեթե հենց սկզբից, նշում է աղբյուրը։ Մի քանի տարի առաջ Դագ Ֆիլդը, որը ղեկավարում էր այն, լքեց ընկերությունը, ինչից հետո Ուիլյամսն ու Լինչը գլխավորեցին նախագիծը։ Հետագայում թիմի ներսում շարունակեցին փոխվել ղեկավարները, փոխվեց նաև ռազմավարությունը:
Ըստ Bloomberg-ի՝ Apple-ին ևս մի քանի տարի էր անհրաժեշտ սեփական էլեկտրական մեքենան թողարկելու համար: Այս նախագծում կորպորացիայի հիմնական մարտահրավերը ինքնակառավարման համակարգի ներդրումն էր, որն Apple-ը փորձարկում է ճանապարհներին 2017-ից: Ընկերությունը դիտարկում էր մեքենայի թողարկումը մինչև 2028-ը հետաձգելու կամ ինքնակառավարման համակարգի բնութագրերը նվազեցնելու տարբերակները։
Սակայն Apple-ի որոշման վրա, ի վերջո, ազդել է էլեկտրական մեքենաների շուկայում նկատվող պասիվությունը։ Ըստ գործակալության՝ վերջին ամիսներին այս հատվածում վաճառքի աճը դանդաղել է. գնորդներին վախեցնում են բարձր գները և մեքենաները լիցքավորելու ենթակառուցվածքի բացակայությունը: Ինքը՝ Apple-ը, նախատեսում էր էլեկտրամեքենան վաճառել մոտ 100,000 դոլար գնով, նշում է Bloomberg-ը։