Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղի բնակիչները պարբերաբար փակում են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը՝ փորձելով անազնիվ եղանակով լրացուցիչ օգուտներ ստանալ՝ շանտաժի լեզուն օգտագործելով: Այս մասին հայտարարություն է տարածել «ՌԻԴ» ՍՊԸ-ն:
«Նրանք պնդում են, թե իրենց գյուղատնտեսական նշանակության հողերը, ճանաչելով հանրային գերական շահ, պետությունը ցանկանում է օտարել շուկայականից ցածր գներով։
Դեռ անցյալ տարի է Կառավարությունը հավանության արժանացրել ծրագիրը, և այն իրականացնելու նպատակով համաձայնություն է տվել հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ռիդ» ՍՊԸ-ին:
Նախագծով 4 400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկո-գյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, կից հյուրատներով: Նախատեսվում է կառուցել նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի համալիրն ունենա ջրի հասանելիություն:
Բացի այդ, ըստ նախագծի, կառուցվելու է լեռնադահուկային համալիր 5 ճոպանուղային գծերով, մոտ 50 կմ սահուղիներով, հյուրանոցներով՝ իրենց ենթակառուցվածքներով։
Ներկայացնում ենք «ՌԻԴ» ՍՊԸ-ին վերագրվող մեղադրանքները, մոլորությունները՝ տալով մեր պարզաբանումները:
Վարդենուտ գյուղի բնակիչները ցանկանում են հողամասերի փոխհատուցման գները բարձրացվի:
Գերակա շահ ճանաչված հողամասերի գները որոշվել են արտոնագրված գնահատողի կողմից ներկայացված գնահատման հաշվետվությունների համաձայն: Դրանց կազմման համար հիմք է ծառայել կադաստրի կոմիտեից ստացված պաշտոնական տեղեկատվությունը վերջին տարիների ընթացքում կատարված գործարքների վերաբերյալ:
Եթե համայնքի բնակիչները համաձայն չեն հողամասերի արժեքի գնահատման հետ, ինչո՞ւ նրանք չեն հրավիրում արտոնագրված մեկ այլ գնահատողի:
Իրականությունն այն է, որ գնահատումները կլինեն նույնը, քանի որ դրանք կատարվում են միևնույն չափորոշիչների հիման վրա: Ուստի ակնհայտ է, որ փորձ է կատարվում անհիմն գումանրներ շորթել և ապօրինաբար հարստանալ:
Գյուղացիների պնդմամբ, բոլոր հողամասերը վարելահողեր են:
Խորհրդային միության փլուզումից հետո բոլոր հողամասերը բնակիչներին բաժանվել են անվճար: Դրանք գրեթե բոլորը խոտհարք են և 30 տարի շարունակ գույքահարկը բնակիչների կողմից, ըստ պաշտոնական տեղեկատվության, վճարվել է որպես անջրդի (չջրվող) հողեր:
Ի՞նչ շանտաժի և կեղծիքների են դիմում Վարդենուտի բնակիչները:
Ամեն գնով հարստանալու փորձ կատարող մի խումբ մարդկանց կողմից ահաբեկվում է ողջ գյուղը, և նույնիսկ այն բնակիչները, որոնք ցանկանում են կնքել առքուվաճառքի պայմանագրեր, սպասման մեջ են: Միաժամանակ այդ խումբն տարբեր մեթոդներով փորձում է խոչնդոտել ծրագրի իրականացմանը:
Չնայած այդ խոչընդոտներին, արդեն իսկ իրականացվել են 30-ից ավել առուվաճառքի գործարքներ:
Ո՞րն է Ապարան համայնքապետ Կարեն Եղիազարյանի դերը:
Չնայած Ապարանի համայնքապետի պնդումներին, որ գործում է համայնքի շահերից, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կետերի համաձայն մեր բազմաթիվ դիմումները մնացել են անպատասխան և ընթացք չեն ստացել:
Ինչո՞ւ գյուղացիները չեն դիտարկում այլ վայրում գտնվող հողատարածքի հետ փոխանակումը:
Հանդիպումների ժամանակ մեր կողմից բազմիցս առաջարկվել է այլ հողամասերի հետ փոխանակման տարբերակը, որը բնակիչների կողմից մերժվել է, հավանաբար, հողամասերն ավելի թանկ արժեքով վաճառելու ակնկալիքով:
Ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանի և գյուղի վրա:
Իրականացվող ծրագիրն առաջին հերթին մեծ տնտեսական աճ կբերի ոչ միայն Վարդենուտ և Արագած գյուղերին, այլև ամբողջ տարածաշրջանին:
Ինչ վերաբերվում է Վարդենուտ գյուղի զարգացմանը, ծրագրով նախատեսվող 100-ից ավելի մինի-ֆերմաներում կաշխատեն հենց գյուղի բնակիչները՝ հյուրնկալելով զբոսաշրջիկներին: Կստեղծվեն նոր աշխատատեղեր արդի մասնագիտություններով, ինչը հնարավորություն կտա համայնքի բնակիչներին, առաջին հերթին՝ երիտասարդներին, մնալ իրենց հայրենի հողում: