Բիթքոյնը վեց օրվա ընթացքում չորրորդ անգամ հասել է իր պատմական առավելագույն գնին: Դա մեծապես պայմանավորված է եղել ԱՄՆ բորսայական ֆոնդերում բիթքոյնի հետ կապված (ETF) միջոցների ռեկորդային ներհոսքով:

Աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթի գինը հասել է 73,678,86 դոլար առավելագույնին (ըստ CoinDesk-ի), այնուհետև դրա փոխարժեքը փոքր-ինչ նվազել է՝ 73,000 դոլար: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում ամենօրյա ներհոսքերը դեպի բիթքոյն ETF-ներ գերազանցել են 1 միլիարդ դոլարը, հայտնում է Bloomberg-ը: BlackRock-ի IBIT բորսայական ֆոնդը սահմանել է իր սեփական ռեկորդը՝ մեկ օրում 849 միլիոն դոլարի ներհոսք:


«Այս թռիչքային աճի պատճառն ակնհայտ է՝ ֆիզիկապես ապահովված ETF-ների հսկայական պահանջարկը և շուկայի ցածր խորությունը: Քանի որ թողարկողները բիթքոյնի հսկայական ծավալներ են գնում իրենց ETF-ներին աջակցելու համար, ընդհանուր առաջարկը շարունակում է կրճատվել»,- ասել է Շվեյցարիայի Julius Baer մասնավոր բանկի թվային ակտիվների վերլուծաբան Մանուել Վիլեգասը:

Ըստ նրա՝ 6300 միավոր բիթքոյնի շաբաթական թողարկումն «աննշան» է՝ համեմատած կրիպտոարժույթի փոխանակման ֆոնդերի պահանջարկի հետ, որը վերջին շաբաթներին հասել է 40,000 բիթքոյնի: Նշենք նաև, որ այս շաբաթվա սկզբին բիթքոյնի ընդհանուր կապիտալիզացիան գերազանցել է 1,3 տրիլիոն դոլարը, ինչը գերազանցում է շուկայում առկա ողջ արծաթի ընդհանուր գինը: