Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը առաջարկում է ծնողազուրկ ուսանողների համար, Երևանի հանրային տրանսպորտով երթևեկելու դեպքում, ուղեվարձը դարձնել անվճար կամ համապատասխան զեղչով։
Նրա ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Սույն թվականի մարտի 12-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ՝ Երևանի ավագանին սահմանել է Երևանում ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը։
Մի քանի արձանագրում՝ տրանսպորտի գինը դրանից ավելի շատ օգտվողների կամ հիմնական շահառուների համար ներկայացնեմ նախագծով առաջարկվող 30-օրյա անսահմանափակ օգտագործման փաթեթի հիման վրա, որն ամենապահանջվածը կլինի այս խմբի համար։ Այս փաթեթի գինը էլեկտրոնային եղանակով ձեռքբերման դեպքում կազմում է 8800 դրամ։ Հանրային տրանսպորտից օրական երկու անգամ օգտվող քաղաքացիների համար սակագինը կկազմի 146 դրամ, իսկ տեղփոխից օգտվող, աշխատանքի կամ այլ զբաղվածության պատճառով հասարակական տրանսպորտից օրական երկու անգամից ավելի օգտվող քաղաքացիների համար գինը կլինի ավելի ցածր, որոշ դեպքերում նաև գործող սակագնից ցածր։
Միասնական տոմսային համակարգը կգործի 2024թ․ սեպտեմբերի 1-ից, երբ տրանսպորտային համակարգը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով։
Հաշվի առնելով հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացումը՝ նախատեսվում և մշակվում է արտոնությունների փաթեթ սոցիալական խոցելի խմբերի համար։
Ես՝ որպես Երևանի ավագանու անդամ, շուրջ մեկ ամիս առաջ գրավոր առաջարկով դիմել եմ Երևանի քաղաքապետ պարոն Ավինյանին՝ արտոնությունների խմբում ներառել միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ՝ 18-27 տարեկան Երևանի բուհերում սովորող ուսանողներին։
Իմ առաջարկն է վերոնշյալ խմբի ուսանողների, Երևանի հանրային տրանսպորտով երթևեկելու դեպքում, ուղեվարձը լինի անվճար կամ համապատասխան զեղչով։
Անելու եմ հնարավորինս՝ իմ լիազորությունների շրջանակում, որ վերոնշյալ սոցիալական խումբը ներառվի արտոնության փաթեթում»:
Ավագանու անդամը ներկայացրել է նախագծի հիմնավորումը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Երեւանի ավագանին տրանսպորտը թանկացնելու մասին որոշում կայացրեց:
Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով նախատեսվում է ՝
«90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
7 օրվա համար 4800-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
«Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղեւորություն,
Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:
Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: