Առաջին անգամ չէ, որ մենք խոսում ենք սահմանազատման անհրաժեշտության մասին, եւ սահմանազատումը, ըստ էության, խաղաղության գործընթացի ամենակարեւոր բաղկացուցիչներից մեկն է եղել: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե սահմանազատումը տրամաբանական է սկսել Տավուշի հատվածից, նա ասաց. «Այն, թե ինչու Տավուշից, կարող է ունենալ մի քանի հիմնավորում: Առաջինը, կարեւոր է այդ պրոցեսը սկսել, որովհետեւ մենք կարող ենք հավերժ խոսել այդ գործընթացի մասին եւ երբեք դա չսկսել: Կարծում եմ՝ մեր շահերից է բխում այն սկսելը: Երկրորդը, սա կարող է նաեւ ձեր հարցի պատասխանը տալու եղանակը լինել, թե ի վերջո, ո՞ր քարտեզներով ենք իրականացնելու սահմանազատումը: Սա շատ սկզբունքային հանգամանք է մեզ համար: Սա նշանակում է, որ եթե մենք մի հատվածում իրականացնում ենք սահմանազատում դիցուք, 1974 թվականի քարտեզով, դա նշանակում է, որ մյուս հատվածներում էլ պետք է այն իրականացվի նույն քարտեզներով: Սա, միեւնույն է, պետք է բխի այն հիմնական սկզբունքից, որ երկու երկրները մինալով Ալա-Աթայի հռչակագրին, ճանաչել են իրենց խորհրդային վարչական տարածքները որպես պետական սահմաններ եւ դրա հիման վրա պետք է կատարվի սահմանազատումը:


Դա չի նշանակում նոր սահմանի ստեղծում, դա եղած սահմանի իրավական եւ գետնի վրա ամրագրումը պետք է լինի»:

Թորոսյանի խոսքով, որեւէ վարչական տարածք կամ բնակավայր, որը խորհրդային Հայաստանի սահմաններում է եղել, մենք չնք պատրաստվում որեւէ այլ երկրի տալ: «Իսկ եթե սահմանագծման ընթացքում սահմանը կանցնի որեւէ տարածքով, որն այս պահին այս կամ այն կողմի տիրապետության տակ է, դա պետք է փոխադարձաբար երկու կողմերի միջեւ պայմանավորվածությամբ վերադարձվի այս կամ այն կողմի»,-ասաց նա: