Չիկագոյի համալսարանի ամերիկացի աստղագետները հայտնաբերել են Տիեզերքի ամենահին աստղերից մեկը: Երկրորդ սերնդի աստղը գաճաճ Մեծ Մագելանի ամպ գալակտիկայում է, որն ուղեկցում է մեր Ծիր Կաթին գալակտիկային:
Երկրորդ սերնդի աստղերն առաջացել են առաջին սերնդի աստղերի պայթյունների ժամանակ առաջացած տարրերից։ Nature Astronomy (NatAstro) գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունում նշված է, որ գիտնականներն այս հնագույն աստղերի գոյության ապացույցները փնտրել են Մագելանի Մեծ Ամպում և ցուցակագրել դրանցից տասը, նախ Եվրոպական տիեզերական գործակալության Gaia արբանյակի, այնուհետև Չիլիի Մագելանի աստղադիտակի միջոցով:
Աստղերից մեկը նկատելիորեն տարբերվել է իրեն շրջապատողներից։ Այն պարունակում է ավելի քիչ ծանր տարրեր, քան Մագելանի Մեծ Ամպում երբևէ հանդիպած որևէ այլ աստղ:
Սա նշանակում է, որ այն հավանաբար ձևավորվել է աստղերի առաջին սերնդից հետո և, հետևաբար, լուսատուների կրկնվող ծնունդների և փլուզումների ժամանակ դեռ ավելի ծանր տարրեր չի կուտակել:
«Աստղը եզակի պատուհան է տալիս մեզնից բացի այլ գալակտիկաներում տարրերի շատ վաղ ձևավորման համար: Մենք պատկերացում ենք կազմել, թե ինչ տեսք ունեն Ծիր Կաթինի աստղերը: Բայց դեռ չգիտենք՝ արդյոք այս բնութագրական առանձնահատկություններից մի քանիսը եզակի՞ են, թե՞ այլ գալակտիկաներում ևս նման կերպ է տեղի ունեցել», - ասում է աստղահնագետ Անիրուդ Չիտին: Հետազոտողը նշել է, որ երկրորդ սերնդի աստղերը չափազանց հազվադեպ են:
Ծիր Կաթինում յուրաքանչյուր 100 հազար աստղին այս խմբից բաժին է ընկնում մեկից պակաս օբյեկտ: Երկրորդ սերնդի ամենահին աստղերի տարիքը գնահատվում է 13,5 միլիարդ տարի՝ մոտ 300-500 միլիոն տարով երիտասարդ բուն Տիեզերքից: