Այստեղ հիմնականում չզիջելու, չհանձնվելու եւ պայքարելու տրամադրություններ են: Այս մասին հետ զրույցում նշեց Հայ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«ԵՐկրորդը, շատ կարեւոր հանգամանք գոյություն ունի, որ սա տեղական, գյուղական, միջգյուղական, ներգյուղական մարզային խնդիր չէ, սա հանրապետական, Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի խնդիրն է: Հետեւաբար տեղայնացնել ու սա համարել միայն գյուղացիների հարցը, ոչ միայն սխալ է, այլեւ հանցագործություն է:
Իրականում սա ամբողջ գոյության իրավունքի հարցն է: Այդ քայլով ոչ միայն Տավուշը, այլեւ ողջ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ: Խոսքը 2-3 տարածքի մասին չէ:
Նախ հոգեւոր իմաստով, դա մեր սրբազան հայրենիքն է, անկախ նրանից, թե այդ կտրտված Հայաստանի քարտեզով մարդն ինչ կասի, սա մեր հայրենիքն է, որը պետք է մեծանա, ընդլայնվի: Երկրորդը, այսօր դա լրջորեն խաթարելու է մեր գոյության իրավունքը»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանի խոսքով, ժողովուրդն ինքնակազմակերպվում է եւ առաջիկա օրերը ցույց կտան՝ ինչ կլինի. «Կարծում եմ՝ այդտեղ շատ առանցքային քայլեր կան առնելու, որոնք պետք է նպաստեն նաեւ հետագա գործողությունների արդյունավետությանը»:
Նա կարծիք հայտնեց, որ հանձնելու այս գործընթացը չի կանգնելու. «Որովհետեւ ինչքան դա իրենց համար գաղափարական է, այդքան էլ դրսից պարտադրված է: Կոնկրետ համագործակցության պատկեր է մեր առջեւ: Երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավորը չի կարող գալ իր երկրի սեփական բնակիչներին, իրեն ընտրած քաղաքացիներին ահաբեկել: Դա չլսված բան է: Դա նշանակում է, որ որպես այս երկրի կառավարիչ, նա իրեն դուրս է դրել ամեն ինչից, օրենքից էլ, ընտրությունից էլ, իրենց արձանագրած ծրագրից էլ:
Տեսագրությունները կան, որ ասում էր՝ ձեռքերս կկտրեմ, բայց էս տարածքները չեմ տա, իսկ հիմա ահաբեկում է ժողովրդին: Սա նշանակում է՝ մենք իշխանություն չունենք, մենք ունենք ինքնընդդիմություն: Այն բոլոր ծրագրերը, որ իրենք քարոզել են, հիմա իրենք հակառակն են քարոզում: Նշանակում է իրենք իրենց ընդդիմություն են»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:
Նա հավաստիացրեց, որ Տավուշի բնակչության տրամադրությունները չեն փոխվել. «Ի՞նչ տարբերություն՝ պատերազմ կլինի՞, թե՞ ստորացված ձեւով կլինի այդ ամեն ինչը բոլոր առումներով: Այդ ճանապարհները ինչպե՞ս պետք է սարքեն, որոնց մասին խոսում է: Եթե խոսենք քաղաքական տերմինաբանությամբ, դրա փոխարեն ի՞նչ եք ստանում, ոչ մի բան»,-ասաց Բագրատ Սրբազանը:
Հարցին, թե ինչու են սահմանազատումն սկսում Տավուշի մարզին, նա ասաց. «Նպատակը շատ պարզ է՝ փակել Հայաստանի հյուսիսային դարպասները, մուտքը, ելքը դեպի արտաքին աշխարհ: Սահմանափակել, խեղդել, դարձնել մի փոքրիկ ռեզերվացիա: Ի՞նչ տեղի ունեցավ Արցախից հետո, եկան մտան Վարդենիս, Սյունիք, Ջերմուկ, հիմա Տավուշ, ուզում են կտրել ամբողջությամբ: Սա պարզ պատկեր է, միայն անմեղսունակները սա չեն հասկանա»: