Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն Ուկրաինա օտարերկրյա զորքերի հնարավոր ուղարկման մասին զայրացրել են ամերիկացի պաշտոնյաներին, որոնք մասնավոր խոսակցություններում մտահոգություն են հայտնում, որ այդ քայլը կարող է հանգեցնել բախման ՌԴ-ի հետ։ Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրին։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Մակրոնի ակնարկներն արվել են այն բանի համար, որպեսզի ստիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մտածել, բայց պաշտոնյաները, որոնք ծանոթ են Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ում ընթացող բանավեճերին, ասում են, որ այդ խոսքերը կարող էին հակառակ ազդեցություն ունենալ։
Այլ պաշտոնյաներ, որոնք խոսել են Bloomberg-ի հետ անոնիմության պայմաններում, նշել են, որ Մակրոնի մեկնաբանություններն այնքան էլ խելամիտ չէին օպերատիվ անվտանգության տեսակետից, քանի որ, ինչպես նշում է գործակալությունը, մի քանի երկրներ ոչ բացահայտ որոշակի զորակազմ տեղակայել են Ուկրաինայում։
Գործակալության աղբյուրը նշել է, որ ԵՄ երկրների որոշ վարչապետեր սպասում են, որ Մակրոնն առաջինը լինի, եւ շատերը ողջունում են նրա կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ։