«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետի աշխատակազմը 16 մլն 755 հազար դրամի պայմանագիր է կնքել «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի հետ՝ հանրության շրջանում պետության եւ պետականության վերաբերյալ ընկալումների մասին հետազոտության համար։

Պայմանագրի նկարագրության հատվածից հասկանում ենք, որ հետազոտությունն արվում է ՀՀ քաղաքացիների՝ պետության վերաբերյալ ընկալումների, դիրքորոշումների վերլուծության, ռիսկերի գնահատման եւ կառավարման համար։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը մնացել է 730 օր՝ գրեթե 2 տարի, եւ վարչապետին անհանգստացնում է սեփական աթոռից հեռանալու հանգամանքը։


Բանն այն է, որ նա տեղյակ է իր ընկած եւ հողին հավասարվող ռեյտինգի մասին, եւ եթե անգամ որոշակի ձայներ հավաքի, միեւնույնն է, չի կառավարելու։ Նրա աշխատանքի եւ անձի հանդեպ անվստահությունը հատել է թույլատրելի սահմանը։

Փաշինյանը եւ նրա իշխանությունը փորձում են երկարաձգել սեփական կառավարման ժամանակահատվածը, ինչը, «ցավոք», դժվար թե ստացվի։

Հենց այս կասկածն է նրան ստիպել, որ սեփական անձի մասին հետազոտություն իրականացվի, որին պետք է մասնակցի 1200 քաղաքացի, իսկ հարցման վերջնաժամկետը նշանակված է մինչեւ 2024 թվականի հունիս։

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին խոսակցություններ էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանը տանել դեպի նոր խորհրդարանական ընտրություններ, սակայն վախը, որ չի արժանանա հանրության քվեին, նրան հետ պահեց այդ քայլից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: